Մատչելիության հղումներ

ՄՄ-ն խանգարում է հայ-թուրքական համատեղ ծրագրերին


Միջազգային մի շարք կառույցներ հետաքրքրված են և ֆինանսավորում են այնպիսի ծրագրեր, որոնք դիվանագիտական հարաբերությունների չունեցող երկրների հասարակական սեկտորի միջև են կապ ստեղծում։

Արդեն հայ, թուրք, վրացի ու ադրբեջանցի գործարարները համատեղ արտադրանք են թողարկում «Կովկասյան բրենդ» անվանումով։ Կովկասյան պանիր, մեղր վաճառվում է, շուտով նաև թեյն ու գինին կվաճառվեն։

Գյումրիի Կովկասյան կենտրոնը ծրագրի մասնակից կողմերից է։ Կենտրոնի ղեկավար Արտուշ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո այսօրինակ ծրագրերը կշարունակվե՞ն, թե՝ ոչ։
«Անշուշտ կշարունակվեն, պարզապես կան բաներ, որոնք արդեն պետք է համաձայնեցվեն»,- ասաց Մկրտչյանը։

Կովկասյան կենտրոնի տնօրենը հիշեցրեց վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը՝ հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու մասին։

«Այսօր դա արդեն դուր չի գալիս Մաքսային միության ներկայացուցչին, ասում է, որ այդ մարդիկ սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ։ Առաջ չէին խրում, էսօրվա մեր իրականությունը հաշվի առնելով մենք սեպ ենք խրում։ Հետևաբար շահերի բախում տեղի կունենա»,- ասաց Մկրտչյանը։

ՄՄ մտնելուց հետո շատ դժվար կլինի համատեղ կովկասյան բրենդի ապրանքներ արտադրել, կարծում է մեր զրուցակիցը՝ օրինակ բերելով կովկասյան թեյը.- «Դժվար է ՄՄ-ի պարագայում, որովհետև Վրաստանից ներկրել թեյ, որը հետագայում պետք է խառնվի հայկական ֆիտոթեյերի հետ, վերադառնա Վրաստան... եթե առաջ անում էինք կոպեկանոց մաքսերով, կամ որպես հումք տեղափոխելով առանց մաքսերի, հիմա սա արդեն խնդիր կառաջացնի։ Պետք է ենթարկվել մի օրենքի, որը մեզ պարտադրված է, մենք պարտավոր ենք ենթարկվել մի օրենքի, որը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում։ Էդ օրենքները ամենալավը չէին Հայաստանի համար»,- ասաց Մկրտչյանը՝ կարծիք հայտնելով, որ ՄՄ մտնելուց հետո Հայաստանը կովկասյան տարածաշրջանում կհայտնվի մաքսային շրջափակման մեջ։

«Հայաստանը կարծես թե մի մաքսային բլոկադայի մեջ է հայտնվում, որովհետև, որտեղից ինչ գա, մենք ուղղակի սահման չունենք նման օրիենտացիա ունեցող երկրի հետ»,- ասաց նա։
XS
SM
MD
LG