Մատչելիության հղումներ

logo-print

Հանդիսավոր արարողություն ու բախումներ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ պուրակում


Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվեց Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը այսօր հանդիսավորությամբ անվանակոչվեց Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը միասին բացեցին այգում տեղադրված հուշատախտակը: Ողջունելով պուրակ եկած հարյուրավոր երևանցիներին՝ Ֆրանսիայի առաջնորդն ասաց, թե ցեղասպանությունից հետո շատ հայեր հրաշքով փրկվեցին և ապաստանեցին Ֆրանսիայում, իսկ մի քանի տարի անց, երբ Ֆրանսիան հայտնվեց փորձության մեջ, հայերը զենք վերցրին ու պաշտպանեցին իրենց երկրորդ հայրենիքը։

«Մենք չենք մոռանում Միսաք Մանուշյանի ինքնազոհությունը, մենք երբ չենք մոռանա այն, ինչ հայերը արել են Ֆրանսիայում Դիմադրության շարժման մեջ՝ ֆաշիստական օկուպացիայի դեմ պայքարելու համար: Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության խորհրդանիշ է: Կեցցե՛ Հայաստանը և կեցցե՛ Ֆրանսիան»,- ասաց Օլանդը։

Ֆրանսուա Օլանդը հիշեցրեց, որ Միսաք Մանուշյանի անվան պուրակ նաև Փարիզում կա: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե անձրևոտ եղանակի պատճառով ծավալուն ելույթ չի ունենա։

«Սիրելի երևանցիներ, իմ խորհին շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս անձրևոտ օրը այստեղ գալու և Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ, Դիմադրության շարժման ակտիվ մասնակից Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար»,- ասաց Հայաստանի նախագահը։

Միջոցառման պաշտոնական հատվածից հետո Ֆրանսուա Օլանդը և Սերժ Սարգսյանը շրջեցին պուրակով։ Ֆրանսիայի նախագահը ձեռքով բարևում էր երևանցիներին՝ ֆրանսերենով ողջույնի խոսքեր հնչեցնելով։

Մինչև միջոցառման մեկնարկը Մաշտոցի պուրակում բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև, ովքեր պաստառներով եկել էին այգի՝ պահանջելով երևանյան այլ պուրակ անվանակոչել Միսաք Մանուշյանի անունով և Մաշտոցի այգին թողնել որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ:

Ֆրանսուա Օլանդը և Սերժ Սարգսյանը դեռ չէին ժամանել այգի, երբ իրավապահները ուժի կիրառմամբ երիտասարդներին հրելով, գետնին քարշ տալով, գրկած հեռացրին տարածքից՝ ոստիկանական մեքենաներով տեղափոխելով բաժին։

Ինչպես ոստիկաններին, այնպես էլ քաղաքացիական հագուստով անձանց, որոնք նույնպես բերման էին ենթարկում երիտասարդներին, ցուցումներ էր տալիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերման ենթարկվել 7 անձ, նրանցից 6-ի նկատմամբ կիրառվելու է վարչական տույժ։ 3 ժամ ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո նրանք ազատ են արձակվել, իսկ 7-րդ ակտիվիստի՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 316-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սաֆարյանը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով: Իրավապահները նրան ազատ են արձակել՝ քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Շուրջ երեք ամիս Մաշտոցի պուրակի փրկության համար պայքարած երիտասարդները կրպակների ապամոնտաժումից հետո ցուցանակ են տեղադրել պուրակում՝ նշելով, թե այգին պաշտպանվել ու հանրությանն է վերադարձվել պայքարի արդյունքում: Նրանք շեշտում են, թե որևէ առարկություն չունեն, որ Միսաք Մանուշյանն իսկապես արժանի է ունենալ իր անվամբ պուրակ, բայց ոչ այս այգին։

«Էլի մարդկանց չեն հարցնում՝ դուք ուզո՞ւմ եք, թե չուզո՞ւմ։ Այս կերպ նրանք փորձում են էլի քաղաքացիական զարթոնքը, որը որ ունեցանք երկու տարի առաջ և այն արդյունքները, որը մենք գրանցեցինք, այգին թողեցինք այգի... ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ինչ ուզում եք արեք, մենք անելու ենք մեր ուզածով»,- կարծիք հայտնեց ակտիվիստներից մեկը։

«Քաղաքային իշխանությունները փորձում են մեկ անգամ ևս օգտագործել, շահարկել և ամեն գնով փորձում են նսեմացնել այն պայմանականորեն հաղթանակները, որոնք այս ընթացքում ձեռք են բերվել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մեկ այլ ակտիվիստ:

Երիտասարդներն առաջարկում են բարեկարգել և անվանակոչել, օրինակ, այգու դիմացի հատվածը՝ Ֆրանսիայի նախագահին հղած բաց նամակում հիշեցնելով, որ 90 օր պայքարել են Մաշտոցի այգին կրպակներից ազատելու համար:

Ի դեպ, այսօր այգու անվականակոչմանը մասնակցում էին տարբեր դպրոցների և բուհերի աշակերտներ ու ուսանողներ, ուսուցիչներ, պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնց, ինչպես նկատեցինք, ավտոբուսներով բերել էին այգի։

Այգու տարածքը բարեկարգ ցույց տալու համար քաղաքային իշխանությունները քանդվող շենքերից մեկը պաստառապատել էին նկարով՝ հեռվից տպավորություն ստեղծելով, թե շենքը նորակառույց է:
XS
SM
MD
LG