Մատչելիության հղումներ

Դոնեցկը և Լուգանսկը ցանկանում են միանալ Ռուսաստանին


Ուկրաինացի զինվորները պարեկություն են անում Սլավյանսկի մոտակայքում, 13 մայիսի, 2014թ.

Ուկրաինացի զինվորները պարեկություն են անում Սլավյանսկի մոտակայքում, 13 մայիսի, 2014թ.

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը դավադրության մեջ է մեղադրում կոմունիստներին։

Ուկրաինայի ռուս անջատականները ցանկանում են միանալ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» անվամբ ինքնահռչակ կազմավորումը, որի ղեկավար Դենիս Պուշիլինը, վկայակոչելով «հանրաքվեի» արդյունքները, երեկ ասել է, թե Ռուսաստանի հետ վերամիավորվելը կլինի պատմական արդարության վերականգնում։

«Հաշվի առնելով Դոնեցկի հանրապետության ժողովրդի կամաարտահայտությունը և պատմական արդարությունը վերականգնելու հրամայականը՝ խնդրում ենք Ռուսաստանի Դաշնությանը քննարկել Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու հարցը»,- հայտարարել է Պուշիլինը։

Ուկրաինայի արևելյան շրջանների ռուս անջատականները հայտնել են նաև, որ մտադիր չեն մասնակցել մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին։ Ի դեպ, անջատականները քննարկում են Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները միավորելու տարբերակը։

Ուկրաինայի իշխանություններն, ինչպես նաև Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեները համարում են ապօրինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսակետը հայտնել է Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

«Մենք չեն ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ հատվածներում անցած շաբաթավերջին կազմակերպված ապօրինի հանրաքվեները, քանի որ դրանք Ուկրաինայում պառակտումը և ապօրինությունները շարունակելու միջոց են։ Ապացուցված են այսպես կոչված «կարուսելի» մեթոդով քվեարկելու, նախապես լրացված քվեաթերթիկներ օգտագործելու, քվեարկությանը երեխաների մասնակցության, ինչպես նաև բացակայող անձանց փոխարեն քվեարկելու փաստեր»,- ասել է Պետական դեպարտամենտի խոսնակը։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը երեկ Կիևում էր։

«Եվրամիությունը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք չենք ճանաչի Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը, ինչպես նաև այդ երեկվա այսպես կոչված հանրաքվեները, քանի որ դրանք ապօրինի են ու ոչ վստահելի և ուղղված են Ուկրաինայում պառակտման խորացմանը»,- ասել է Հերման Վան Ռոմպոյը։

Եվրոպական միությունն ընդարձակել է պատժամիջոցները։ «Սև ցուցակը» համալրել են Ռուսաստանի և Ուկրաինայի ևս 13 քաղաքացի, ինչպես նաև Ղրիմում գտնվող երկու ընկերություն։

Դրանում ընդգրկվել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, Սլավյանսկի ինքնահռչակ ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարևը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյահինը, այլ անձինք, ինչպես նաև Ղրիմում աշխատող PJSC Chernomorneftgaz և Feodosia ընկերությունները։

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերն ասել է, որ Կիևը, Ռուսաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները դրական են գնահատել ուկրաինական ճգնաժամի կարգավորման «ճանապարհային քարտեզը, որի առանցքային դրույթներն են հրաժարումը բռնությունից, զինաթափումը, համազգային երկխոսությունը և մայիսի 25-ին նախագահական ազատ և արդար ընտրությունների անցկացումը»։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է, Ուկրաինան պատրաստ է ամեն ինչ անել ճգնաժամը լուծելու համար, սակայն կարգավորման բանալին ոչ թե Կիևում է, այլ Մոսկվայում։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն էլ ուկրաինացի կոմունիստներին է մեղադրել ռուսական քարոզչության նյութերն ակտիվորեն տարածելու և անջատականներին սատարելու մեջ։

«Կոմկուսի ցինիզմը սահման չունի։ Փաստերը վկայում են, որ կոմունիստական կուսակցությունը համագործակցում է անջատականների և ահաբեկիչների հետ։ Ես արդարադատության նախարարությանը խնդրում եմ քննել այդ հարցը, և եթե դա ապացուցվի, ապա հարկ է արգելել Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունը»,- ասել է Տուրչինովը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG