Մատչելիության հղումներ

Երևանում են Դանիել Բարենբոյմը և Բեռլինի պետական նվագախումբը


Բեռլինի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմը:

Բեռլինի պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմը:

«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարենբոյմը` իր ղեկավարած Բեռլինի պետական նվագախմբի հետ:

Բարենբոյմը աշխարհի գրեթե բոլոր մրցանակների դափնեկիր է, իսկ 450 տարվա պատմություն ունեցող Բեռլինի նվագախումբը մինչև օրս պահպանում է մոլորակի լավագույն նվագախմբերից մեկի համբավը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը համերգից առաջ հրավիրած ասուլիսում հատուկ նշեց, թե ինչպիսի դժվարությամբ է իրեն հաջողվել Հայաստան հրավիրել այս հզոր նվագախումբն ու դրա հզոր ղեկավարին:

«Բացառիկ երևույթ է, գագաթնակետային: Ինչ որ մենք արել են, պիտի ասեմ, որ սա ամենադժվար կայացած երևույթներից մեկն է: Որովհետև այսօր դասական աշխարհում ավելի նվիրական անուն, քան Դանիել Բարենբոյմ, անհնարին է պատկերացնել… Հայաստան իր գալը մեզ համար պատմական երևույթ է: Մեր դասական երաժշտության համար սա պատմական մի լրիվ նոր էջ է, մի նոր գագաթնակետ», - ասաց Ռոստոմյանը:

Դանիել Բարենբոյմն ասաց, որ երջանիկ է Հայաստանում գտնվելու համար և շարունակեց. - «Իմ ոչ այնքան կարճատև կյանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հայերի տարբեր երկրներում, և նրանք շատ հետաքրքիր մարդիկ են եղել»:

Մաեստրոն հիշատակեց Նյու Յորքի հանրահայտ «Ջուլիարթ» երաժշտական դպրոցի տնօրեն Արարատ Բզիլյանին, որին «հաջողվեց կարճ ժամանակամիջոցում ամբողջովին վերափոխել, վերածնել այդ հաստատությունն այնպես, որ հզոր երաժշտական տաղանդներ սկսեցին դուրս գալ այդտեղից»:

Բարենբոյմի համոզմամբ` երաժշտությունը շատ կարևոր է ցանկացած հասարակության և պետության համար, որովհետև մարդկանց կրթելու բացառիկ ունակություն ունի:
XS
SM
MD
LG