Մատչելիության հղումներ

Թեժ ընտրապայքար Գորիսում. Բուդաղյանների թիմն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուի


Թեժ ընտրապայքար Գորիսում. Բուդաղյանների թիմն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուի
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արյունալի միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արա Բուդաղյանի թիմը Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ի ընտրություններում կպայքարի նախկին մարզպետի թիմի դեմ։

Արա Բուդաղյանը, ով, ի դեպ, հանրապետական է, առաջադրել է իր թեկնածությունը, ինքնաառաջադրվել է նաև նրա մերձավորներից անկուսակցական Տիգրան Կարապետյանը։ Իշխող ՀՀԿ-ն, որի տարածքային կառույցի ղեկավարը շարունակում է մնալ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնապես առաջադրել է մեկ այլ կուսակցականի՝ «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցին։

«Հանրապետականի թեկնածուն Ադունց Վաչագանն է, և ես իրեն եմ սատարում», - «Ազատության»-ը փոխանցեց Սուրիկ Խաչատրյանը։

Արա Բուդաղյանը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե ինչու որոշեց պայքարել Հանրապետականի առաջադրած թեկնածուի դեմ։ Նրա վստահված անձը՝ Ռոբերտ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ Բուդաղյանների վարկանիշը շատ բարձր է Գորիսում, և նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը աջակցում է հենց Բուդաղյանին:

«Ես չեմ կարող ասել կուսակցությունը ոնց է առաջադրել, իրականում ոնց է եղել, այդ խնդիրը ոնց է լուծվել, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ Հանրապետականի անդամների մեծ մասը, կուսակցության բազմաթիվ՝ հեղինակություն ունեցող, կարգին անդամներ միանշանակ կանգնած են այսօր Արա Բուդաղյանի և Տիգրան Կարապետյանի կողքին», - ասաց Ռոբերտ Հակոբյանը։

Թիմակիցներ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը մտադիր չեն մրցակցել. Ռոբերտ Հակոբյանը չբացառեց, որ մեկը կամ մյուսը կարող է ինքնաբացարկ հայտնել` ընկերոջը սատարելու համար։

Հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը վայելող թեկնածու Վաչագան Ադունցի դեմ դուրս գալը Գորիսի հայտնի արյունալի իրադարձություններից հետո նախկին մարզպետին նետված ձեռնոց չէ, Բուդաղյանի վստահված անձը պատասխանեց, որ չի ցանկանա այդպես մեկնաբանել. - «Ընտրապայքարը Բուդաղյանն այդպես չի տանում, խնդիրն այդպես չի դրված։ Գորիսի ցանկացած ընտրող՝ 15 հազար, թե 8 հազար, թե 10 հազար, պատրաստ է ինքը տեր կանգնել իր ձայնին»։

Սուրիկ Խաչատրյանը, արձագանքելով Բուդաղյանի առաջադրմանը, նշեց, որ առաջադրվելը ցանկացած մարդու իրավունքն է, և ինքը մեկնաբանություն չունի։ Հակադարձելով այն պնդումներին, թե հանրապետականների մեծ մասը Բուդաղյանների թիմին է սատարում` նախկին մարզպետն ասաց. - «Հանրապետականը մեկ թեկնածու ունի, Հանրապետականը չի կարող երկու-երեք թեկնածու ունենալ։ Ամսի 8-ին կերևա՝ ում շանսերը ինչքան են»:

Բուդաղյանի եղբայրը՝ նախկին մարզպետ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցների հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանը ևս, հիշեցնենք, նախկինում մրցել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար։

Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը գործարարներ են, մեկը գլխավորում է «Վարարակն» ընկերությունը, մյուսը` Գորիսի «Գամմա» ընկերությունը։ Գորիսի քաղաքապետի չորրորդ թեկնածուն ինքնաառաջադրված անկուսակցական, «Շանի» ընկերության տնօրեն Հրայր Յոլյանն է։

Փաստորեն, բացի ՀՀԿ-ից, քաղաքական որևէ այլ ուժ Գորիսում թեկնածու չի առաջադրել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը փոխանցեց, որ առհասարակ ՏԻՄ որևէ ընտրության ԲՀԿ-ն մասնակցում է, երբ նպատակահարմար է գտնում։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ՏԻՄ ընտրություններում «միայն կեղծիքներով է ամեն ինչ որոշվում», հետևաբար մասնակցությունն անիմաստ էր: Ինչ վերաբերում է «Ժառանգության»-ը, ապա կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Կային անձինք, որոնք մտածում էին դրա մասին, բայց երևի թե զարգացումներն այնպիսին են եղել, որ տեսել են, որ այս պահին պետք չէ մասնակցել։ Առավել ևս, որ Բուդաղյաններից ներկայացուցիչ կա: Եթե Արա Բուդաղյանը մինչև վերջ պայքարի, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ իրեն աջակցեին, թեև ինքը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, բայց ցանկացած պարագայում պարզ է, որ հասարակությունը երևի թե կփորձի իրեն աջակցել։ Ուստի հաշվի առնելով այդ ամենը, ուղղակի չառաջադրեցինք»։

Հարցին՝ եթե Բուդաղյանը մտնի պայքարի մեջ, «Ժառանգություն»-ը կաջակցի՞ նրան, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Դա կքննարկենք, ես հասարակական աջակցության մասին եմ այս պահին խոսում։ Քննարկման խնդիր է. առաջին հերթին թեկնածուներն իրենք պետք է որոշեն, ցանկանո՞ւմ են «Ժառանգության» աջակցությունը, թե՞ ոչ, դիմեն, որպեսզի այդ աջակցությունը լինի։ Երբ որ դիմում կլինի, նոր մենք արդեն կքննարկենք»։

Գորիսի քաղաքապետի թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրանում է վաղը՝ մայիսի 14-ի երեկոյան։ Քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից։
XS
SM
MD
LG