Մատչելիության հղումներ

logo-print

Մաշտոցի պուրակից վեց ակտիվիստ բերման ենթարկվեց


Երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև, ովքեր պաստառներով եկել էին այգի՝ պահանջելով երևանյան այլ պուրակ անվանակոչել Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով՝ Մաշտոցի այգին թողնելով որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ:

Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կժամանեին այգի՝ մասնակցելու անվանակոչման արարողությանը, իրավապահները ուժի կիրառմամբ՝ երիտասարդներին հրելով, գետնին քարշ տալով, գրկած հեռացնում էին տարածքից, ոստիկանական մեքենաներով տանելով բաժին:

«Ամոթ, ամոթ», - վանկարկում էին ակտիվիստները:

Ինչպես ոստիկաններին, այնպես էլ քաղաքացիական հագուստով անձանց, որոնք նույնպես բերման էին ենթարկում երիտասարդներին, ցուցումներ էր տալիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ի պատասխան հարցերի՝ քանի՞ հոգի է բերման ենթարկվել, ի՞նչ հիմքերով, Օսիպյանը խորհուրդ տվեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը:

«Գլխիս ջարդեց այդ քաղաքացիական հագուստով ոստիկանը իմ անձրևանոցը ու հետո հրեց ու էդ անձրևանոցով խփեց ինձ, հետո էլ ասեց՝ «ձենդ կտրի՛, աղջի՛», որովհետև կանգնած մենք մեր խաղաղ ակցիան էինք ուզում անեինք: Ընդամենը մի 15 հոգով ուղղակի փոքրիկ պաստառ բռնելու համար էս տեսակ վերաբերմո՞ւնք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը:

Այս պահին ոստիկանությունում է բերման ենթարկված վեց անձ, քիչ անց լրանում է օրենքով սահմանված երեք ժամը, ինչից հետո նրանք կա՛մ պետք է ազատ արձակվեն, կա՛մ ձերբակալվեն:

Շուրջ երեք ամիս Մաշտոցի պուրակի փրկության համար պայքարած երիտասարդները կրպակների ապամոնտաժումից հետո ցուցանակ են տեղադրել պուրակում՝ նշելով, թե այգին պաշտպանվել ու հանրությանն է վերադարձվել պայքարի արդյունքում: Նրանք շեշտում են, որ որևէ առարկություն չունեն, որ Միսաք Մանուշյանն իսկապես արժանի է ունենալ իր անվամբ պուրակ, բայց ոչ այս այգին:

«Քաղաքային իշխանությունները փորձում են մեկ անգամ ևս օգտագործել, շահարկել և ամեն գնով փորձում են նսեմացնել այն պայմանականորեն հաղթանակները, որոնք այս ընթացքում ձեռք են բերվել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մեկ այլ ակտիվիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG