Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդ․ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի


Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում, այս մասին «Ազատության» հետ բացառիկ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նշենք, որ պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարել էր, թե Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար:

Ի՞նչ մոդելի մասին է խոսքը, կեսգիշերին մոտ «Մարիոթ» հյուրանոցում հարցրեցինք Ֆրանսուա Օլանդին:

«Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Օլանդը, ընդգծելով, որ հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: - «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսուա Օլանդը մեր խնդրանքով անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասելով, որ նախ Ադրբեջան, ապա Հայաստան է եկել հենց այս խնդրին լուծում տալու համար:

«Այսօր հրադադարի տարելիցն է, և մենք պետք է աշխատենք՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և մենք պետք է աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահը՝ շարունակելով․ - «Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, մենք պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ ես երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ, որպեսզի աշխատենք: Ես հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ»:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդին կեսգիշերին մոտ մի քանի հարց տալու հնարավորություն ունեցանք հյուրանոցում, որտեղ նա հյուրընկալվել է:

Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք: Երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Ֆրանսիայի նախագահի պատվին տրված ընդունելության ժամանակ անակնկալ է մատուցվել հյուրընկալությանը ներկա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին. Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների և ընդունելությանը մասնակցող բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ հատուկ ձևավորմամբ տոնական տորթ է մատուցվել:

Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ընթրիքից հետո Ֆրանսուա Օլանդը պետք է շրջեր Հանրապետության հրապարակում, սակայն եղանակը անսպասելիորեն փոխվեց, և հորդառատ անձրևը Ֆրանսիայի նախագահին զբոսնելու հնարավորություն չտվեց:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG