Մատչելիության հղումներ

Չնայած նախարարի խոստմանը՝ ուսուցիչներից կուտակային պահումներ են արվել


Տասնյակ ուսուցիչներ բողոքում են, թե չնայած վարչապետի ու կրթության նախարարի հավաստիացումներին իրենք ապրիլին ևս աշխատավարձը ստացել են կուտակայինի պահումներով:

Շատերը այսօր խուսափում էին տեսախցիկի առջև այս ամենի մասին բարձրաձայնել:

«Հաշվապահը, քանի որ ինքն էլ ապահովված չէ և հրահանգը վերևից պիտի լինի գրավոր ձևով, ինքն էլ պահումը կատարել է», - մեզ հետ զրույցում ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հոգեբան-մանկավարժ Սոֆա Հովսեփյանը:


Հիշեցնենք, ապրիլի 29-ին, այն բանից հետո, ուսուցիչները բողոքի ակցիա կազմակերպեցին ԿԳՆ-ի մոտ, նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե այն ուսուցիչները, ովքեր չեն ցանկանում փոխանցումներ անել պարտադիր կուտակային համակարգին, կարող են այդ մասին գրավոր դիմում ներկայացնել և ստանալ ամբողջական աշխատավարձը:

Այդուհանդերձ, ըստ «Ազատություն» ահազանգող ուսուցիչների՝ տնօրենները դեռ նախարարության հին շրջաբերականով են առաջնորդվում, այն դեպքում, երբ Աշոտյանը նաև նշել էր, որ կլինի նոր շրջաբերական, իսկ հինը՝ «դե ֆակտո իրավական ուժ չի ունենա»։ «Ազատություն» ռադիոկայանը նախարարությունից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ նախարարի բանավոր խոսքը չի հիմնավորվել փաստաթղթով: Նախարարությունից աշխատանքային օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք:

Ուսուցիչներն ասում են, թե համբերության բաժակն արդեն լցվել է, և օրինակ՝ Սոֆա Հովսեփյանը անգամ չի վախենում կորցնել աշխատանքը:

«Եթե ինձ գործից ազատեն անգամ գործատուին ստիպելով, հավատացնում եմ ձեզ, որ շատ ավելի բան կկորցնի կրթական ոլորտը, քան ես կկորցնեմ, որովհետև լավ մասնագետը միշտ գտնում է իրենը, եթե ոչ այս երկրում, ուրիշ երկրում միշտ կգտնեմ, իսկ ես այն մարդն եմ, որը որ կառչած է իր երկրից», - ասում է նա:

Ուսուցիչների՝ ապրիլի 29-ի բողոքի ակցիայի ժամանակ նախարար Աշոտյանը հարկ չհամարեց իջնել և տեղում լսել ցուցարարներին, իսկ ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ նախարարը հանդիպել է որոշ ուսուցիչների: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նախարարը պարբերաբար նման հանդիպումներ ունենում է՝ առանց մանրամասնելու, թե ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը:
Այդ պատճառով այսօր տարբեր դպրոցների ուսուցիչներ որոշել են համախմբվել, հատուկ հանձնաժողով կազմել և արդեն շատ կոնկրետ ու հստակ հանդիպում պահանջել կրթության ոլորտի նախարարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG