Մատչելիության հղումներ

Օլանդի այցը «կվերահաստատի հայ-ֆրանսիական հարաբերությունների սերտ բնույթը»


Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հրանտ Կոստանյան

Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հրանտ Կոստանյան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը կոչված է վերահաստատելու հայ-ֆրանսիական հարաբերությունների սերտ բնույթը և դրական ընթացքը:

Այսօր, ինչպես հայտնի է, սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, և «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Օլանդի այցին՝ նման կարծիք հայտնեց Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հրանտ Կոստանյանը:

«Սովորաբար երկրի պետերի այցելությունները մեծ քաղաքական նշանակություն չեն ունենում, վարվող քաղաքականությունը շարունակվում է և այն քաղաքականությունը, այն սերտ հարաբերությունները, որ եղել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև, կշարունակվեն: Այդ իմաստով այստեղ կտրուկ փոփոխություն ակնկալել չի կարելի: Կան սերտ հարաբերություններ, կան մշակութային, պատմական կապեր, և այդ այցը ընդամենը վերահաստատում է հարաբերությունների սերտացումը, դրական ընթացքը»,- ասաց փորձագետը:

«Եթե Օլանդի այցը դիտարկենք Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների կոնտեքստում, կարո՞ղ ենք այս այցը ընկալել, որպես մի փորձ թարմացնելու Եվրամիության հետ հարաբերությունները՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումից հետո»,- հարցրեցինք Կոստանյանին:

«Չեմ կարծում, որ այս այցը պիտի մեկնաբանվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Սա վերաբերում է Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերություններին»,- ընդգծեց Կոստանյանը՝ հավելելով․ - «Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանում Ֆրանսիայի մասնակցությանը, ապա Ֆրանսիան միշտ էլ աջակցել է Հայաստանին եվրոպական կառույցներում, եվրոպական հարթակի վրա, և դա ամեն դեպքում շարունակվում է՝ նույնիսկ Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: Այստեղ ևս կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել, Հայաստան-ԵՄ հարաբերությունները այժմ այնքան էլ սերտ չեն, կան խնդիրներ, մասնավորաբար, Ասոցացման համաձայնագրի հետ, և Ֆրանսիան շարունակելու է իր աջակցությունը Հայաստանին Եվրոպական միության շրջանակներում, սակայն այդ այց կոնկրետ, չեմ կարծում, որ կտրուկ փոփոխությունների առիթ հանդիսանա»:
XS
SM
MD
LG