Մատչելիության հղումներ

Պետական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահը


Լիտվա -- Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյան, Ֆրանսուա Օլանդ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013
Լիտվա -- Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյան, Ֆրանսուա Օլանդ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013
Երկօրյա պետական այցով այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները մասնակցելու են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Երևանում բացվելու է Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան պուրակը, նախագահներն այցելելու են առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի շինհրապարակ, Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կիրակի երեկոյան Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երեկոյան մարզահամերգային համալիրում նախատեսված է Ազնավուրի մենահամերգը, որին ներկա են գտնվելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները:
Մինչև Երևան ժամանելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկվանից պաշտոնական այցով Բաքվում է: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը այստեղ հայտարարել է, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը գտնելու խաղաղ լուծում, որը հնարավորություն կտա Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Իլհամ Ալիևի ուղեկցությամբ Օլանդը Բաքվում ծանոթացել է ֆրանսիական լիցեյի կառուցման աշխատանքներին: Ադրբեջանի նախագահի կայքէջի փոխանցմամբ, Ալիևն ու Օլանդը այցելել են նաև «Իչերիշեհեր» պատմաճարտարապետական արգելոց: Տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը լինելու է նաև Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG