Մատչելիության հղումներ

«Հիշի՛ր, կան մարդիկ, որ օգնության կարիք ունեն»


«Կարիքավորները շատ են, իսկ մենք էլ քիչ չենք», - ասում է բարեգործական նախաձեռնության հեղինակը:

Քաղաքացիական նախաձեռնության ևս մի օրինակ այսօր կարող է համախմբել մարդկանց` սոցիալական կոնկրետ խնդրի շուրջ: «Հիշի'ր, կան մարդիկ, որ օգնության կարիք ունեն» կոչի ներքո երիտասարդ Սերգեյ Չամանյանը այսօրվանից սկսում է սոցիալական ակցիաների մի շարք:

«Ազատության» հետ զրույցում ներկայացնելով իր նախաձեռնությունը՝ Չամանյանը ասաց․ - «Մենք միայն օգտագործում ենք և մինչև վերջ չենք օգտագործում, այսինքն՝ այն իրերը, որ ստանում ենք, գնում ենք մեր աշխատած գումարներով, հետո տանում թափում ենք աղբամանները և այլն: Իսկ մարդիկ կան, որոնք ունեն կարիք մեր օգնության՝ ոչ թե գումարային, այլ ուղղակի ուշադրությունն էլ է կարևոր, և երբ մենք փոխում ենք սեզոնները, մենք մաքրում ենք ըստ ավանդույթի մեր պահարանները և ինչը որ էլ մեր դուրը չի գալիս կամ նորաձև չի՝ այդ պահին կարող է ինքը մեր համար նորաձև չի, բայց մարդկանց համար ինքը կարևոր է, ու կարիք ունեն»:

Թեպետ այսօրվա ակցիային շատ մարդ չմասնակցեց, սակայն շատ պիտանի իրեր կուտակվեցին:

«Մեկ է, ես չեմ ուզում հուսահատվեմ ու կանգ առնեմ, քանի որ կարիքավորները շատ են, իսկ մենք էլ քիչ չենք», - նշեց Սերգեյ Չամանյանը:

Նա չի դիմել ոչ մի պետական կառույցի՝ աջակցության կամ համագործակցության ակնկալիքով, քանզի կարծում է, որ այդ դեպքում բյուրոկրատական անիմաստ ու անարդյունավետ քաշքշուկի մեջ կընկներ․ - «Պետք է նամակ գրեինք, իրենք մեզ պետք է կանչեին հանդիպեին, կամ ուղղակի անտեսեին: Չէ, դա երկար և ․․․ ինձ դուր չի գալիս էդ պրոցեսը»:

Այդուհանդերձ, ոստիկանությունը անտարբեր չի անցել անգամ բարեգործական այս ակցիայի կողքով: «Այո, մոտեցել են ոստիկանները, այդ ՊՊԾ-ի ծառայողներն են մոտեցել, հարցրել են՝ ինչո՞ւ եմ ես այստեղ ու արդյոք ունե՞մ թույլտվություն բարեգործական էդ «շորահավաքի», թե՞ ոչ: Հարցրեցի՝ արդյոք կարիք կա՞, ինձ ասացին՝ այո, պետք է դիմեի Կենտրոն համայնքի թաղապետարան, որ ինձ թույլ տային այ էս նստարանին նստել և շորեր հավաքել բարեգործական: Ես դրա համար բոլոր իրերը տեղափոխեցի մեքենաս, այստեղ նստած եմ», - պատմեց Չամանյանը:

Ձեռք բերված իրերը անապահով ընտանիքներին կհասնեն եկեղեցիների միջոցով, այս անգամ՝ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու: Հաջորդ ակցիայի արդյունքում հավաքվելիք իրերը կտեղափոխվեն Կոտայքի մարզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG