Մատչելիության հղումներ

Մարիուպոլում իրավիճակը խիստ լարված է մնում


Ուկրաինա - Այրվող բարիկադներ Մարիուպոլում, 9-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինա - Այրվող բարիկադներ Մարիուպոլում, 9-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինայի ռուսամետ շրջաններում մտադիր են անկախության հանրաքվեն անցկացնել վաղը՝ չնայած այն հետաձգելու Ռուսաստանի նախագահի կոչին:

Ուկրաինական Մարիուպոլ քաղաքում իրավիճակը խիստ լարված է մնում ուկրաինական բանակի և անջատողականների միջև նախօրեին տեղի ունեցած բախումներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 20 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։

Տեղական իշխանությունների որոշմամբ այսօր քաղաքում սգո օր է հայտարարված։ Նոր բախումներից խուսափելու համար Ուկրաինայի ազգային գվարդիան ետ է քաշել իր ստորաբաժանումները, պաշտոնական հաղորդագրության համաձայն, բանակն անում է հնարավոր ամեն ինչ՝ քաղաքում իրավիճակը կայունացնելու համար։ Չնայած դրան, տեղում աշխատող լրագրողների հաղորդմամբ, այսօր էլ կրակոցներ են հնչում, տեղեկություններ կան, որ Մարիուպոլի ոստիկանապետը բռնությունների է ենթարկվել և գերեվարվել անհայտ անձանց կողմից։

Օր-օրի սրվող լարվածության և երկրի արևելյան շրջաններում՝ Դոնեցկում և Լուգանսկում վաղը կայանալիք անկախության հանրաքվեից առաջ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե պաշտոնական Կիևը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Արևելյան Ուկրաինայի ներկայացուցիչների, բայց ոչ՝ «ահաբեկիչների» հետ։

Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ ռուսամետ այդ շրջանների ինքնահռչակ ղեկավարությունը մտադիր է անկախության հանրաքվեն անցկացնել վաղը։ Ուկրաինայի իշխանություններն ու Արևմուտքը արդեն հայտարարել են, որ չեն ճանաչելու դրա արդյունքները։

«Մենք անօրինական ենք ճանաչում վաղը նախատեսված քվեարկությունը և կենտրոնանում ենք մայիսի 25-ին ողջ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ընդգծելով, որ եթե ռուսամետ ուժերի վերահսկողության տակ գտվող շրջանները չմասնակցեն այդ ընտրություններին և տապալեն քվեարկությունը, Արևմուտքը է՛լ ավելի կխստացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ տարածած հայտարարության մեջ Մերկելը միաժամանակ կոչ է արել կողմերին զերծ մնալ բռնություններից, լրջորեն կրճատել ռուսական զորքերի թվաքանակը Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվել նախագահական ընտրություններին։

Չնայած Արևմուտքից հնչող այդ կոչերին՝ անջատողական շրջանների առաջնորդներն այսօր հայտարարել են, թե Ուկրաինայի նախագահի ընտրություններ Դոնեցկում չեն անցկացվելու։ «Արդեն այսօր մենք կարող ենք փաստել, որ վերահսկում ենք Դոնեցկում գտնվող բոլոր ընտրատարածքային տեղամասերը, և որ այստեղ մայիսի 25-ին ընտրություններ չեն կայանալու», - հայտարարել է ինքնահռչակ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը։

Անջատողականները նաև հաղորդել են, որ չնայած Ռուսաստանի նախագահի կոչին՝ ետ չեն կանգնելու վաղը նախատեսված հանրաքվեից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը խնդրել էր հետաձգել այդ քվեարկությունը։

Ամիսներ շարունակ չհանգուցալուծվող ճգնաժամը է՛լ ավելի է սրվել Ռուսաստանի նախագահի՝ երեկ Ղրիմ կատարած այցից հետո, որի ընթացքում Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանի կազմի մեջ մտնելով՝ թերակզղին «վերադարձել է հայրենիք ու վերականգնել պատմական արդարությունը»։

«Դա սադրիչ և ոչ անհրաժեշտ այց էր», - հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին, ընդգծելով՝ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։

«Միացյալ Նահանգները չի ճանաչում այս ուղղությամբ Ռուսաստանի կատարած ապօրինի քայլերը։ Մենք դատապարտում ենք ռուսամետ անջատողականների կողմից հրահրված բախումները, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։ Կրկին կոչ ենք անում այն ուժերին, որոնք վտանգի տակ են դնում հասարակական կարգը և զենքով վարչական շենքեր գրավում՝ խախտելով Ուկրաինայի օրենքը, վայր դնել զենքերը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG