Մատչելիության հղումներ

Սևանից ջրառի խնդիրը մնում է բնապահպանների ուշադրության կենտրոնում


Առագաստանավ Սևանա լճում

Առագաստանավ Սևանա լճում

Նրանց համոզմամբ՝ Արարատյան դաշտի այգիների ոռոգման ջրի այլ աղբյուրներ հնարավոր է գտնել:

Սևանից ջրառը այս տարի 40 տոկոսով մեծացնելու դեպքում, ըստ մի խումբ բնապահպանների, լճի մակարդակը կիջնի մոտ 6 սանտիմետրով, ինչին կգումարվի բնական պատճառներով ակնկալվող ևս 2-6 սանտիմետրի իջեցում, և 2015 թվականի սկզբին Սևանի ջրի մակարդակը կարող է մոտ 10 սանտիմետրով պակաս լինել։

Այնուամենայնիվ, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, թույլատրելով լճից այս տարի իրականացնել 240 միլիոն խորանարդ մետր ջրառ՝ նախորդ տարվա 177 միլիոնի փոխարեն:

Մինչև Ազգային ժողով հասնելը օրինագիծը քննարկվել է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, որի անդամ Ալյոշա Թարվերդյանը բացատրում է, թե ինչու նախագծին տվեցին դրական եզրակացություն․ - «Հարթավայրում շուրջ 8 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահովությունը ապահովելու համար: Եթե մենք էդ հոսքը չտանք, մենք դժվարությամբ կարող ենք ապահովել էդ 8 հազար հեկտարի ոռոգումը»:

Բնապահպանները համամիտ են, որ Արարատյան դաշտում այս տարի ջուրը սակավ է։ Այնտեղ այգիների ոռոգման ջրի հիմնական աղբյուրը արտեզյան ավազանն է, որը, ըստ մասնագետների, վերջին տարիներին անխնա օգտագործվել է 150-ից ավելի ձկնաբուծարանների կողմից, որոնց մեծ մասն աշխատում է առանց ջրաչափերի։

Բնապահպան Էրիկ Գրիգորյանը նկատում է, որ դեռ 2007 թվականին արտեզյան ավազանից ջրառն արդեն իրականացվել է առավելագույն թույլատրելի չափով՝ 35 խորանարդ մետր/վայրկյան ծավալով, սակայն դրանից հետո ոչինչ չի արվել ջրառը նվազեցնելու համար, ավելին՝ շարունակել են տալ լրացուցիչ ջրօգտագործման թույլտվություններ: Արդյունքում՝ 2013 թվականին ջրառը դարձել է արդեն 57 խորանարդ մետր/վայրկյան, ինչն էլ հանգեցրել է արտեզյան ավազանի աղետալի վիճակի։

«Մենք ունենք երկու խոշոր ջրավազան Հայաստանում՝ մեկը՝ Սևանա լիճ, մյուսը՝ Արարատյան արտեզյան: Բարեբախտաբար, Սևանա լիճը պաշտպանված է Սևանի մասին օրենքով, Արարատյան արտեզյան ավազանը սկզբունքորեն որևիցե բանով պաշտպանված չի եղել, ու դրա հետևանքով մենք ունենք էս ճգնաժամային, կատաստրոֆիկ իրավիճակը, որովհետև էդ ամբողջ ավազանը՝ հազարամյակներում կայացած ավազանը, ընդամենը 6-7 տարվա անհեռատես ջրօգտագործման պատճառով մենք կորցնում ենք», - ընդգծում է բնապահպանը:

Եթե երկրի ջրի երկու ավազաններից մեկը վատ է կառավարվել, չի կարելի մյուսից ջուր ուղարկել Արարատյան դաշտ և այդպես փորձել լուծել Արարատյան դաշտի սակավաջրության խնդիրը, ասում է Էրիկ Գրիգորյանը, ով մյուս բնապահպանների հետ ահազանգում է, որ պետք է դադարեցնել արտեզյան ավազանի շահագործումը, իսկ ձկնաբուծարաններում օգտագործված ջուրն ուղղել դեպի այգիներ, այլ ոչ թե դեպի Արաքս։

Բնապահպան Ինգա Զառաֆյանը պատմում է ձկնաբույծների հետ իր հանդիպման մասին. - «Մասիսի շրջանում մեծ ձկնաբուծարաններ կան, տերը ասաց՝ «ես պատրաստ եմ, հենց հիմա, և մենք քննարկել ենք գյուղացիների հետ, ես պատրաստ եմ անցկացնել այդ համակարգը և այդ ավելորդ ջուրը ոչ թե թափեմ Սևջուր, ոչ թե թափեմ Արաքս, այլ տանեմ և մատակարարեմ այս ջրով գյուղացիներին»: Երկու անգամ նրանք դիմել են կառավարությանը, մերժում են ստացել, ինչի համար՝ որովհետև այս ջուրը անվճար պետք է հասնի գյուղացիներին, բայց գյուղացիներին ստիպում են, որ նրանք վճարովի ջուր վերցնեն ասոցիացիայից, այ դրա համար հենց մերժում են ստացել»:

Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը նույնպես ընդունում է, որ արտեզյան ավազանը անխնա շահագործվել է։ «Իմ խորին համոզմամբ՝ այնտեղ շահագործման չափերը շատ մեծ են, և դրա համար բազում անգամ մենք ներկայացրել ենք, որ շահագործումը, ինչ վերաբերում է ձկնաբուծության հետ կապված խնդիրներին, պետք է կարգավորվի», - երեկ Հաղթանակի զբոսայգում «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արդեն հաջորդ հարցին, թե ինչո՞ւ Ազգային ժողովն էլ գնաց Արարատյան դաշտի ջրի պակասի խնդրի ամենահեշտ լուծմանը՝ Սևանից ջուր ուղարկելուն, Այվազյանը տոն օրով նպատակահարմար չգտավ պատասխանել։

Հիշեցնենք՝ մասնագետները վստահ են, որ Սևանի ջրի մակարդակի իջեցումը վատ կանդրադառնա լճի էկոհամակարգի վրա։

«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Վահե Գուլանյանը, սակայն, լավատես է, չի ուզում հավատալ, որ լճի մակարդակը կիջնի։ «Ես ուղղակի չեմ ուզում հավատալ, որ բացասական բալանսի պետք է վերածվի», - ասում է նա:
XS
SM
MD
LG