Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մինսկը չի արգելափակի մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրի ստորագրումը։ Այդ մասին այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա հայտարարել է, որ թեև իրենց ոչ բոլոր պահանջներն են կատարվել, սակայն երեկ Մոսկվայում բանակցությունների ընթացքում հիմնական հարցերի շուրջ փոխհամաձայնությունը կայացել է երկու կողմի փոխզիջումներից հետո:

«Մենք համաձայնության ենք հանգել հիմնական հարցերի շուրջ, մենք կարգավորել ենք մեր ավտոմեքենաների վաճառքի հարցը ռուսական շուկայում, լուծել ենք բեռնափոխադրումների հարցը, հետագա տասնամյակների համար լուծել ենք նավթամթերքի մատակարարման և իհարկե դրա հետ կապված տխրահռչակ մաքսային վճարների հարցը: Մենք պայմանավորվել ենք դրանք աստիճանաբար հանել. մյուս տարի մենք արդեն կիսով չափ քիչ կվճարենք Ռուսաստանին` իր նավթամթերքի վերամշակումից ստացված արտադրանքի վաճառքից գոյացած գումարից, այսինքն 1.5 միլիարդ դոլար մյուս տարի կմնա Բելառուսի բյուջեում: Իսկ 2016 թվականին, կարծում եմ, մենք մյուս կեսի հարցն էլ կլուծենք»,- հայտարարել է Լուկաշենոկոն:

Հիշեցնենք, Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու շուրջ բավական կոշտ դիրքորոշում էր հայտնել ապրիլին իր ամենամյա ուղերձի ընթացքում՝ ասելով, որ եթե առկա տնտեսական սահմանափակումները շարունակեն գործել, ապա նման պայմաններում միությունը անիմաստ է, իրենց ամենևին ձեռնտու չէ անհավասար պայմաններով միություն ստեղծել և շարունակել Ռուսաստանին տարեկան 3 միլիարդ դոլարից ավելի տուրք վճարել:

Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ երբ Ռուսաստանը պատրաստ կլինի հանել բոլոր սահմանափակումները` լինի դա 10, թե 15 տարի հետո, այդ ժամանակ էլ իրենք կստորագրեն Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Այժմ սակայն, մոսկովյան բանակցություններից հետո Լուկաշենկոն հայտարարում է, որ մայիսի 29-ին Աստանայում կստորագրեն փաստաթուղթը:

Լուկաշենկոն նշել է, որ իրենց դիրքորոշումը նույնն է մնում` սահմանափակումները պետք է վերացվեն տնտեսական միությունում, սակայն կողմերը համաձայնել են դա ոչ թե 10 -15 տարվա ընթացքում հանել, այլ 2 տարվա ընթացքում:

«Եթե չենք կարող մի մեծ քայլ անել, ապա փոքրիկ քայլերով պետք է առաջ գնանք»,- ասել է Լուկաշենկոն:

Վերջինս, սակայն, հարկ է համարել շեշտել, որ իրենք Կրեմլում «պարզած ձեռքով ողորմություն չեն խնդրել»։

«Դա փոխզիջում էր, 1.5 միլիարդ դոլար մյուս տարի կմնա մեր բյուջեում, 500 միլիոն դոլար Ռուսաստանը մյուս տարի վարկ կտրամադրի Բելառուսին»,- իրենց օգուտներն է թվել Լուկաշենկոն՝ նշելով, որ ստիպված են եղել զիջման գնալ դողորայքի, գարեջրի, ծխախոտի, ալկոհոլի շուկաների հարցում:

Բացի այդ Բելառուսը նաև արդեն այս տարի` մայիսի վերջին Ռուսաստանից 2 միլիարդ դոլարի վարկ կստանա` երկրի ոսկու պահուստները կայուն պահելու համար. այդ մասին տարվա սկզբին պայմանավորվածությունը, ըստ Լուկաշենկոյի, հաստատվել է երեկվա բանակցությունների ընթացքում:
XS
SM
MD
LG