Մատչելիության հղումներ

Քաղաքապետը համաձայն է, որ Երևանում տեղադրվի Միկոյանի արձանը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է իր համաձայնությունը, որ Երևանում տեղադրվի բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը։

Այդ մասին նա այսօր ասաց Հաղթանակի զբոսայգում՝ միաժամանակ ընդգծելով, որ ավագանու անդամները ընդամենը համաձայնություն են տվել, ինչը դեռ չի նշանակում, որ արձանը տեղադրվելու է։ Որպես ապացույց քաղաքապետը պատմեց դեռ տարիներ առաջ ավագանու ընդունած որոշումների մասին, որոնք մինչև այսօր իրականություն չեն դարձել։

«Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, որպես երևանցի, երբ մեկի ընտանիքի անդամները դիմում են [արձանը տեղադրելու], պարտավոր եմ քննարկել։ Իմ կարծիքով, երբ արդեն հանրությունը քննարկում է արել, և նաև շատ հարցեր պատմաբանների խնդիրն է, պատմաբանները պետք է մեկնաբանեն, իսկ ես՝ որպես քաղաքապետ, իմ համաձայնությունն եմ տվել»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով «Ազատության» վերստին հնչեցված հարցին՝ արձանը տեղադրելո՞ւ են, թե՝ ոչ։

Ըստ ընթացակարգի՝ հուշարձաններ Երևանում տեղադրվում են քաղաքապետի որոշմամբ, հետևաբար, ըստ էության, այժմ ոչինչ չի խանգարում, որ Միկոյանի արձանը Երևանում հայտնվի հենց այս տարի։

Հետաքրքրվեցինք նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե պե՞տք է արդյոք տեղադրել Երևանում մեկի արձանը, ում մեղադրում են ստալինյան ռեպրեսիաներին մասնակցելու համար։

«Օրինակ, ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը և միանշանակ այդ հարցի պատասխանը տալ։ Ես կարծում եմ, որ պետք է պատմաբանները նստեն և այդ հարցը շատ մանրամասն քննարկեն»,- ասաց Պողոսյանը։

Բայց, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ մշակույթի նախարարը վատ կարծիքի չէ խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի մասին։

«Միկոյանը այն մարդը չէ, որին այսօր փորձում են ասել, որ ընդհանրապես արժանիք չունի»,- ասաց նախարարը։

Թեև մշակույթի նախարարը բազմիցս նշեց, որ գիտնականների կարծիքն անպայման հաշվի կառնեն, նա տեղյակ չէր, որ մի խումբ գիտնականներ այժմ ստորագրահավաք են իրականցնում արձանի տեղադրման դեմ։ Ինտերնետում հրապարակված նամակում նրանք պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը՝ նշելով, որ վերջինս 30-ականների վերջերին մեծ դերակատարում է ունեցել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում և նույնիսկ ավելացրել մահապատժի ուղարկվող մարդկանց թիվը։

«Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն, ըստ երևույթին, տեղյակ չեն նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ նրա անսիրտ, հակամարդկային դիրքորոշման մասին։ Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան», - ասված է իշխանություններին ուղղված գիտնականների նամակում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG