Մատչելիության հղումներ

Աբրահամյանը պատրաստ է մերձավորներին «նեղացնել»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ վստահության վերականգնման համար նաև ոչ ստանդարտ որոշումներ է խոստանում:

«Մենք այսօր հնարավորություն չունենք այլևս դանդաղելու: Պետք է փորձենք հնարավորինս այսօր մեր ժողովրդի, մեր պետության առջև ծառացած խնդիրներին տալ լուծում: Բոլորին է հասկանալի, որ մեկ անգամից չենք կարող, չունենք այդ կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց հստակ պետք է լինի ժամանակ և ծրագիր, և պետք է հանրությունը հասկանա, որ այդ ծրագիրը մենք իրականացնելու ենք այս ժամկետում և դա իրականացվի», - այսօր ասաց վարչապետը:

Նոր կառավարությունը բոլոր այդ խոստումներն իրականացնելու համար նախ պետք է ծրագիր ներկայացնի: Աբրահամյանն ասաց՝ նախորդ կառավարության ներկայացրածի համեմատ մեծ փոփոխություններ չեն լինի, իրատեսական ծրագիր են գրելու, այն՝ ինչ կարողանալու են անել:

«Դա, իհարկե, դժվար է լինելու: Շատ-շատ մեր մերձավորներին փորձելու ենք ցավացնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք մենք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, իմ մերձավորները: Ես ինձանից եմ սկսելու, և դա ինձ համար լինելու է սկզբունքային: Այս հաղթանակի օրը ես դա ուզում եմ հնչեցնել, և դա նաև մեսիջ է մեր բոլոր մերձավորների, մեր ընկերների, մեր յուրայինների և ընդհանրապես տնտեսական աշխարհի: Եվ դա է լինելու մեր երկրի առաջնահերթ խնդիրը, այսինքն՝ հավասար պայմաններ բոլորի համար», - վստահեցրեց վարչապետը:

Նոր կառավարության համար, Աբրահամյանի խոսքով, առաջնահերթ խնդիր է տնտեսական աճի ապահովումը․ որ նախարարը խոչընդոտի նպատակին, նրան հրաժեշտ կտան:

«Ես նորից եմ ասում՝ ոչ մեկի հետ ես պայման-պայմանագիր չունեմ, որ ինչքան պետք է աշխատի: Ով լավ չաշխատի, մենք կբաժանվենք իրենից: Ես հանրության կարծիքի հետ միշտ հաշվի եմ նստելու և շատ թափանցիկ ենք աշխատելու: Ով որևէ անձնական շահ կհետապնդի, մեզ հետ ճանապարհ չունի անցնելու: Դա շատ հստակ ձևակերպել եմ և դուք բոլորդ կտեսնեք, նաև կյանքի կկոչենք, եթե նման մարդիկ լինեն մեր շրջապատում», - ասում է նա:

Աբրահամյանին դուր չի գալիս, երբ իր ղեկավարած կառավարության մասին ասում են՝ Քոչարյանի կադրերն են վերադառնում:

«Ես չգիտեմ դա ինչ գնահատական է՝ Քոչարյանի կադրեր, Սերժ Սարգսյանի կադրեր, Լևոն Տեր-Պետրոսյանի կադրեր: Ուղղակի նման որևէ մոտեցում ինձ մոտ չի աշխատում, չի էլ աշխատելու: Մարդուն մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի ինքը աշխատի և կարողանա իր հայրենիքին ինչ-որ բանով աջակցել: Եթե չեն կարող, նորից եմ կրկնում, մեր ճանապարհները բաժանվելու են»

Հովիկ Աբրահամյանի պաշտոնամուտից առաջ կառավարությանն առընթեր ոստիկանությունը գլխավորած Վլադիմիր Գասպարյանը, մամուլի հրապարակումների համաձայն, պաշտոնանկ է արվելու: «Ազատության» հետ զրույցում ոստիկանապետը բացառեց նման հեռանկարը:

«Գետինը մտնեն դրանք, գետինը», - իր հասցեին չարախոսողների մասին ասաց Գասպարյանը՝ վստահեցնելով․ - «Եվ ես մնալու եմ, դեռ մի 60 տարի էլ շարունակելու եմ մնալ: Անընդհատ գասպարյանները դեռ զզվեցնելու են: Ես հանգիստ չեմ թողնի չկամեցողներին, երկար, առողջ և առույգ եմ լինելու»:

Մեր հարցին, թե ովքե՞ր են իր «չկամեցողները», ոստիկանապետը պատասխանեց․ - «Գիտեք ինչ կա, ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում: Բոլորն նրանք, ովքեր ընդդիմանում են այն բարեփոխումներին, որը մենք ուզում ենք անենք: Իսկ մենք ուզում ենք անենք՝ իսկականից ոստիկանություն ենք ուզում սարքել, լավ ոստիկանություն, բարեկիրթ ոստիկանություն: Դիմադրությունը կա և՛ կոլեկտիվի մեջ, հենց նույն ոստիկանության մեջ, և՛ կա բոլոր այն խումբ-խմբավորումների մեջ, ովքեր աշխատում ու գործում են ի շահս, ոչ թե հանուն: Այդ դեպքում ի շահս գործողները, որպես կանոն, լինում են մեզ հակառակորդներ»:
XS
SM
MD
LG