Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Ղարաբաղը՝ Եռատոնը


Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ»:

«Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը: Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակել է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, - «Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության: Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը»:

«Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը: Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է: Փա՛ռք մեր հերոսներին», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ Մեր ժողովրդին` Մայիսի 9-ի պանծալի հաղթանակների առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում:

«Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, մարդկանց և ազգերի խաղաղ ու ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և Հայրենիքի պաշտպանության նվիրական խորհուրդն ունի մեզ համար», - իր ուղերձում գրում է Վեհափառը՝ շարունակելով․ - «Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով հայորդիք ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով Արցախյան ազատամարտը: Լի ենք հավատով` Աստծու զորակցությամբ հաղթանակով պիտի պսակվի նաև արցախահայության ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը»:

«Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ երկնային լուսեղեն հարկերում խաղաղություն շնորհի հանուն հայրենյաց նահատակված մեր ժողովրդի հերոս զավակների հոգիներին: Հայցում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի ներքո զորանան խաղաղության ուղիներն աշխարհում: Թող Տերը խաղաղ ու շեն պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Լեռնային Ղարաբաղում նշվող մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու և հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը: Սա եկել է դարերից և իր վկայությունն ստացել Մեծ Հայրենականի տարիներին, երբ տարբեր ժողովուրդների հետ ձեռք ձեռքի մեր հայրերն ու պապերը կռվում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու կռելով նոր հաղթանակներ», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Պաշտպանության բանակի կազմավորումը և Շուշիի ազատագրումը դարձան այն կարևոր ձեռքբերումները, որոնք հիմք դրեցին մեր հետագա բոլոր հաջողությունների համար: Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մեկտեղ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլև կառուցել օր օրի շենացող ու զորացող երկիր` շարունակելով հայրենիքի համար նահատակված քաջ հայորդիների կիսատ թողած գործը և հավերժացնելով նրանց հիշատակը», - իր ուղերձում գրում է Ղարաբաղի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG