Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը մեկնաբանել է Ուորլիքի հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ-ն դեռ լռում է


Աշխատանքային օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երեկվա ելութը, որում դիվանագետը ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումները:

Փոխարենը Ուորլիքի հայտարարությանն անդրադարձել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը՝ պարզաբանելով ինչո՞ւ է ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացնում կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։

«Դրա համար կա երեք պատճառ. առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ոուրլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը և տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են։ Դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»,- ասել է դեսպանը։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Ազատության» հետ զրույցում ասում էր, թե որևէ նոր բան չի լսել ամերիկացի համանախագահի շուրթերից. 6 սկզբունքները մի քանի տարի է շրջանառության մեջ են դրված մադրիդյանում փաստաթղթում, բացառությամբ թերևս դիվանագետի մեկ շեշտադրման։

«Ուրոլիքի ասածի կարևորությունը, կարծում եմ, այն է, որ ինքը ընդգծեց՝ վերջնական կարգավիճակի հարցից չի կարելի խուսափել, և որ անպայման այդ հարցնել է պետք է լուծվի»,- ասաց Մանոյանը։

Միաժամանակ Դաշնակցությունը վերահաստատում է, որ անընդունելի է համարում տարածքների վերադարձի մասին դրույթը։ Կիրո Մանոյանն ասում է՝ դրանք թե պատմականորեն, թե փաստացի Ղարաբաղի լեռնային հատվածն են և երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում։

«Եթե 88 թվականին առաջարկած լինեին նման լուծում, կարծում եմ, հայկական կողմը կհամաձայներ։ Բայց այսօր, երբ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել և այդ պատերազմը տանուլ է տվել, այսօր նման բան առաջարկել նշանակում է իրականում փորձել հատուցել Ադրբեջանին իր սանձազերծած, բայց տանուլ տված պատերազմի համար»,- շեշտեց Մանոյանը։

Բայց գնահատելի է այն, որ արդեն հստակ նշվում է՝ Ղարաբաղը ինչ-որ սահմաններով չի տրվելու Ադրբեջանին: Դա, ըստ Մանոյանի, համանախագահների աշխատանքի արդյունքն է, և վկայում է, որ այս ձևաչափը կենսունակ է։

«Իսկ ամենամեծ բացթողումը անշուշտ Ղարաբաղի բացակայությունն է։ Այսինքն ինքը մեկ տեղ ակնարկում է, որ պետք է բոլոր կողմերի տեսակետը նկատի ունենալ, բայց ոչ մի տեղ չկա, որ Ղարաբաղը և որպես իշխանություն, և որպես հասարակություն, ժողովուրդ, մասնակցի։ Երբ խոսում են ժողովրդական դիվանագիտության մասին, ասում են՝ Հայաստան, Ադրբեջան։ Ղարաբաղը անտեսում են»,- ասաց նա։

Ղարաբաղը վաղուց է անտեսված, հիշեցնում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը. սա հիմնական տարբերությունն է 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հետ, այն ժամանակ Ղարաբաղը նույնիսկ վետոյի իրավունք ուներ։

«Բայց ես տեսնում եմ նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հայտարարությունները, տեսնում են նրանց ցանկությունը ներգրավվել և նրանց որոշակի անհամաձայնությունը»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով, Ուորլիքի հայտարարությունից հետո գնդակը Երևանի դաշտում է՝ ստիպել համանախագահներին համարժեք աշխատանքային լեզու օգտագործել, քանի որ վերջին տարիներին որևէ պաշտոնական հայտարարությունում չէր օգտագործվել «օկուպացված տարածքներ» ձևակերպումը։

«Այս հայտարարությունը նման ձևակերպում չի կարելի թողնել անպատասխան, և ես սպասում են, որ Հայաստանի արտգործնախարարությունը այսօր ավելի ադեկվատ արձագանք կհնչեցնի նման անընդունելի ձևակերպման համար, քան արվել էր չորս տարի առաջ, երբ Էդվարդ Նալբանդյանը ողջունել էր նման հայտարարությունը»,- ասաց նա։

Վլադիմիր Կարապետյանն ասում է, միջազգային հանրությունը շատ լավ գիտի՝ ինչ վիճակում է Սերժ Սարգսյանի իշխանությունը, ուստի որևէ դրական առաջընթաց Հայաստանում չպետք է ակնկալեն։

«Հայաստանի իշխանությունները այսօր որևէ հեղինակություն չունեն նաև երկրի ներսում, իրենք չեն կարողանում որևէ բարեփոխում անցկացնել, ուր մնաց այնպիսի լուրջ հարցեր, ինչպես Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները, ինչի մասին, իմիջիայլոց, վկայում է նաև այն հանգամանքը, որ մինչ այս ժամը մենք չունենք հայտարարություն Հայաստանի արտգործնախարարության կողմից»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG