Մատչելիության հղումներ

Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում Ուորլիքից


Արտապատկերում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքէջից

Արտապատկերում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի լիարժեք և ուղղակի մասնակցությունը բանակցություններին, ըստ Արամ Համբարյանի, պետք է միջնորդների առաջնային խնդիրներից լինի:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երեկվա ելույթից առաջ հայտարարությամբ կոչ էր արել Միացյալ Նահանգներին Ղարաբաղի հարցում ամերիկյան արժեքներին համապատասխան քաղաքականություն վարել, ելույթից հետո հայտարարել է, որ իրենք ավելին էին սպասում:

Համբարյանը Հայ դատի հանձնախմբի դիրքորոշումն արտահայտող հայտարարության մեջ նշել է. - «Ուորլիքի այսօր ներկայացրած ծրագիրը քիչ նոր առաջարկներ ունի, այն ոչ բարոյական տեսանկյունից է ընդունելի, ոչ էլ գործնական տեսակետից` կայուն»:

«Թեև մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ հիմնական շեշտադրումը վերստին կենտրոնանում է կարգավիճակի հարցի առանցքային լինելու հանգամանքի վրա, այս ծրագիրը շատ հեռու է ժողովրդավարական կերպով ինքնորոշվելու ամերիկյան իդեալից, որը հարատև սկզբունք է. հենց դրա վրա է ամերիկյան պետությունը հիմնվել, և դրա միջոցով է, որ հարյուրից ավելի նոր պետություններ են գոյացել վերջին կես դարում», - ընդգծել է Վաշինգտանի Հայ դատի գրասենյակի տնօրենը:

Օգտագործելով «օկուպացիա» սադրող և ոչ ճիշտ ձևակերպումը, ըստ Համբարյանի, Ուորլիքը ներկայացրած ձևաչափում կրկին Բաքվի ագրեսիայի զոհ դարձած Հայաստանին և Ղարաբաղին է կոչ անում հիմնական ռազմավարական նշանակության զիջումները կատարել` փոխարենը միայն ոչ հստակ և հեշտությամբ դրժելի խոստումներ ստանալով ավելի ու ավելի ռազմատենչ դարձող Ադրբեջանի իշխանություններից:

Համբարյանը նշել է, որ թեև ԵԱՀԿ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հարցում հիմնականում լիահույս են, այս կոնկրետ առաջարկներից հիասթափված են:

Հայ դատի գրասենյակը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի լիարժեք և ուղղակի մասնակցությունը խաղաղ բանակցություններին, ինչը, ըստ Արամ Համբարյանի, պետք է միջնորդների առաջնային խնդիրներից լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG