Մատչելիության հղումներ

Հայաստանում մշտական բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 15 հազարով


ԱՎԾ-ի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
ԱՎԾ-ի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ավելի քան 28 հազար Հայաստանի քաղաքացիներ վերջին 3 ամիսների ընթացքում հատել են սահմանը և չեն վերադարձել։

Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակչության թիվը պաշտոնապես նվազել է ավելի քան 15 հազարով: Ընդ որում, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում բնակչությունը նվազել է շուրջ 4500-ով: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել էր` ավելի քան 1100-ով:

Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով` այս տարի ծնունդները պակասել են, իսկ միգրացիան` ավելացել. - «Սա, իհարկե, պայմանավորված է միգրացիայի ցուցանիշի աճով: Անցած տարի այդ ցուցանիշը ավելի փոքր է եղել, և բնական հավելաճի շնորհիվ բնակչության թվաքանակում աճ է արձանագրվել: Իսկ այս տարի բնական հավելաճն էլ է նվազել, միգրացիան էլ աճել է: Դրա համար բնակչության թվաքանակը նվազել է»:

Մարզերում արտագաղթի այս տվյալներից տեղյակ չեն, բայց արտագաղթողներին ճանապարհում են գրեթե ամեն օր. Եղեգնաձորում, օրինակ, «Ազատության» հետ զրուցած բնակիչները ցույց էին տալսի կողպված դռները ու խոսում տարվա մեջ 8-9 ամիս օտարության մեջ գտնվող տղամարդկանց մասին:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքը՝ առավել հեշտացված կարգով քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ, կարող է է'լ ավելի մեծացնել արտագաղթը:

Միգրացիոն հարցերով ռուսաստանցի փորձագետ Վադիմ Վոյնիկովը, սակայն, խորհուրդ է տալիս ռուսաստանյան օրենքը քննադատելու փոխարեն Հայաստանի ներսում լուծել խնդիրները. - «Հարցի լուծման բանալին Հայաստանի տնտեսության զարգացումն է, որպեսզի հայ երիտասարդները հնարավորություն ունենան աշխատել հայրենիքում: Ինչքան որ ինձ է հայտնի, այստեղ ապրող երիտասարդները շատ են ցանկանում աշխատել հենց իրենց հայրենիքում, ուղղակի նրանք այդ հնարավորությունը չունեն: Եթե աշխատանքի խնդիրը գոնե մասամբ լուծվի, մարդիկ կվերադառնան: Պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները»:
XS
SM
MD
LG