Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում «Կարֆուր»-ի բացման ժամկետ դեռևս չեն նշում, սակայն նախատեսվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ Երևան կատարելիք այցի ընթացքում կլինի նաև այն վայրում, որտեղ հետագայում կբացվի աշխարհում հայտնի ցանցի՝ Երևանում առաջին հիպերմարկետը։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի դեսպանատունը։

«Ազատության» խնդրանքին՝ հստակեցնել «Կարֆուր»-ի բացվելու ժամկետները, ընկերության կենտրոնական գրասենյակից խոստացան պատասխանել ավելի ուշ։
Շատերը թերահավատ են, որ «Կարֆուր»-ն, այդուհանդերձ, Հայաստան կգա, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող պնդումների, դրան խոչընդոտում են սուպերմարկետների բիզնեսով զբաղվող հայ օլիգարխները։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ Օլանդի այցն է ակտիվացրել ֆրանսիական հիպերմարկետի բացման շուրջ խոսակցությունները։

«Ամենևին պետք է չէ բացառել, որ Օլանդը իր այդ քայլով ուղղակի ցույց է տալիս, որ սա Ֆրանսիայի պետության հետ կոնֆլիկտ կարող է լինել, եթե էլի մի անգամ խոչընդոտեն «Կարֆուր»-ի բացումը Հայաստանում»,- ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, ֆրանսիական հիպերմարկետների ցանցի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու մասին խոսակցությունները շրջանառվում են ավելի քան մեկ տարի։ Այդ ընթացքում պաշտոնյաները նշում էին, թե Հայաստանը խիստ շահագրգռված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը ներկայացված լինի այստեղ։ Նոր հիպերմարկետի անհրաժեշտությունը կարևորել էր անգամ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Դեռևս անցած տարի էկոնոմիկայի նախկին նախարարը «Կարֆուր»-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ նախարարության իրավասությունների շրջանակում կաջակցեն ընկերությանը Հայաստանում հնարավորինս շուտ ներկայանալու հարցում։

Անցած տարվա դեկտեմբերին էլ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը ասել է, որ «Կարֆուր»-ը հայաստանյան շուկա կարող է մտնել գալիք տարվա առաջին եռամսյակում։

Չնայած դրան՝ Հայկ Գևորգյանը տարօրինակ է համարում, որ «Կարֆուր»-ը մինչ օրս Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն չունի։

«Էլի բացատրում են նրանով, որ այնուամենայնիվ, «Կարֆուր»-ի գործունեությունը Հայաստանում դեռ այնքան էլ հաստատ չէ կամ կան հարցեր, որոնցից «Կարֆուր»-ը կցանկանար խուսափել ու չպատասխանել»,- ասաց Գևորգյանը։
XS
SM
MD
LG