Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսական ապահովագրությունն «այլընտրանք չունի»


Հայաստանում բնական տարբեր աղետներից չապահովագրված գյուղացիական տնտեսությունների ապագան գյուղատնտեսության նախարարությունում համարում են ապահովագրման ներդրումը։

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատության» հարցին, Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը շեշտեց, թե գյուղատնտեսական ապահովագրությունն այլնըտրանք չունի. - «Որովհետև աղետները ցանկացած ժամանակ կարող են լինել, ցանկացած ծավալով, իսկ միայն ընդամենը որոշակի աջակցությունը չի կարող, հասկանալի է, խնդիրը լուծել»:

Գյուղատնտեսության նախարարությունը, ամփոփելով մարտի վերջին տեղի ունեցած ցրտահարության արդյունքները, հայտարարում է, թե այս տարի ծիրան գրեթե չի լինի՝ նախորդ տարվա համեմատ, բերքը ավելի քան 90 տոկոսով կպակասի։

Ավելի քան 290 գյուղեր տուժել են աղետից՝ վնասները կազմում են 11 միլիարդ դրամ։ Քիչ կլինի նաև խաղողի, հատապտուղների, պտուղների բերքը։ Ամենից շատ տուժել են Արմավիրի ու Արարատի մարզերը։

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ աղետից հետո կառավարությունը շտապեց հայտարարել, թե պարտավոր չէ վնասները փոխհատուցել, կարող է միայն օգնություն տրամադրել։

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով` բերքից զրկված գյուղացիներն այս տարի կազատվեն հողի հարկից, կիսով չափ կվճարեն ոռոգման ջրի վարձն ու անվճար սերմացու կստանան։

Անցած շաբաթ, հիշեցնենք, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այցելելով ցրտահարությունից տուժած Արարատի մարզի մի քանի գյուղեր, հույս էր տվել, թե գյուղացին առաջիկայում կզգա կառավարության ծրագրերի արդյունքները։

Արարատի մարզի Այնթափ գյուղում, որտեղ առայժմ տեղյակ չէին կառավարության աջակցությունից, այգիներում ծիրան չկա։ Ցրտահարությունից հետո Ամալյա Խաչատրյանը հազիվ կարողացել է վերականգնել տնամերձը՝ ցրտահարված բանջարեղենը մի կերպ փրկել է, իսկ ծիրանենիները՝ ոչ։ Այգու մի անկյունում ծիրանի կտրած ծառերն էին։ Ձմռանը որպես վառելափայտ կօգտագործեն:

Թե' Ամալյան, թե' նրա հարևանները պնդում են, որ խնդիրները լուծել են միայնակ. իրենց կողքին կառավարության ներկայությունը չեն զգացել ո'չ երեկ, ո'չ այսօր:

Գյուղացիները կառավարությունից ակնկալում են իրատեսական, շոշափելի ծրագրեր, որոնք իսկապես լուծում կտան իրենց խնդիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG