Մատչելիության հղումներ

Վրացիների 40 տոկոսը դեմ են կրոնական փոքրամասնություններին պետական աջակցությանը


Վրաստան - Հայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում ծիսակատարության ժամանակ
Վրաստան - Հայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում ծիսակատարության ժամանակ
Վրաստանի բնակչության մոտ 40 տոկոսը դեմ է արտահայտվում Հայ Առաքելական եկեղեցուն, ինչպես նաև մի շարք այլ կրոնական փոքրամասնություններին պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին տարեսկզբին կայացված որոշմանը: Սա են վկայում ամերիկյան հեղինակավոր Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Կրոնական փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու գաղափարին կտրականապես դեմ են արտահայտվում հատկապես մայրաքաղաք Թբիլիսիի բնակիչները: Այստեղ հարցվածների 48 տոկոսը նշել է, թե դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն, Վրաստանում բնակվող կաթոլիկներին, ինչպես նաև մահմեդականներին ու հրեաներին տարեկան 4․5 միլիոն լարի (շուրջ 2․5 միլիոն դոլար) տրամադրելու որոշմանը:

«Կրոնական փոքրամասնություններին պետական աջակցության կողմնակիցների թիվը Թբիլիսիում մոտ 30 տոկոս է», - վկայում են NDI-ի հարցման արդյունքները:

Նշենք, ի դեպ, որ երկրի միակ տարածաշրջանը, որտեղ փոքրամասնություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կողմնակիցների թիվը գերազանցում է հակառակորդների թվաքանակին, Արևմտյան Վրաստանն է:

Փոխարենը, պետության կողմից Վրաց ուղղափառ եկեղեցուն հատկացվող բյուջետային օժանդակության փաստը հարցվածների մեծամասնության մոտ հակազդեցության զգացում չի առաջացնում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 55 տոկոսը նշել է, որ կառավարության կողմից վրացական եկեղեցուն 25 միլիոն լարի տրամադրելու պրակտիկան լիովին արդարացված է:

NDI-ի մասնագետները նաև փորձել են պարզել, թե ինչ կարծիքի են Վրաստանի բնակիչները իրենց երկրի և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս վիճակի մասին: Հարկ է նկատել, որ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին աճել է այն վրացիների քանակը, ովքեր համոզված են, որ Ռուսաստանը իրական վտանգ է ներկայացնում անկախ Վրաստանի գոյության համար: Եթե 2013 թվականի սեպտեմբերին այս տեսակետին էր հակված վրացիների 36 տոկոսը, ապա այժմ այդ մոտեցումն ունի հարցվածների ուղիղ կեսը:

Վրացիների մեծամասնության կարծիքով էլ՝ Ռուսաստանից եկող վտանգին դիմակայելու լավագույն ձևը եվրատլանտյան ինտեգրացիոն գործընթացին ակտիվորեն մասնակցելն է: Հարցվածների 77 տոկոսը աջակցում է Վրաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որի համաձայն՝ արտաքին քաղաքական ասպարեզում երկրի գլխավոր նպատակներից մեկը Եվրամիությանն անդամակցելն է: Վրացիների 72 տոկոսն էլ աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության գաղափարին:

Դատելով NDI-ի հրապարակած հարցման արդյունքներից՝ Վրաստանում կան նաև Եվրասիական միությանն անդամակցելու կողմնակիցներ: Նրանց թիվը, ըստ հետազոտության հեղինակների, 16 տոկոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG