Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը


Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունն այսօր կայացած նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:
Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ անդամ է 2011 թվականից: 2003-2007 թվականներին հիմնականում գործարար պատգամավորներից կազմված «Ժողպատգամավոր» խմբակցության քարտուղարն է եղել: Նախկին գլխավոր դատախազի ամենամտերիմ մարդկանցից է համարվում. մամուլի հրապարակումների համաձայն, 2000-ականների կեսին նրա նախաձեռնած «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծումը հենց Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ էր իրականացվում:Ձեռնարկն այդպես էլ չկայացավ:

Նրա տեղակալ ընտրված Գագիկ Մելիքյանի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է. նա կուսակցության երկարամյա անդամ է, խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ նրա համար նոր չէ, Ազգային ժողովի տարբեր գումարումների ընթացքում զբաղեցրել է այն:

Բաղդասարյանի թեկնածությանը կողմ քվեարկած Մնացական Մնացականյանը դժվարացավ համեմատել Գալուստ Սահակյանին և Վահրամ Բաղդասարյանին: «Բարդ հարց եք տալիս: Իհարկե, Գալուստ Սահակյանը ավելի փորձառու է, խորհրդարանական աշխատանքի ավելի մեծ փորձ ունի, բայց դա չի նշանակում, որ հաջորդ եկողը պետք է իր կազմակերպչական, մյուս հատկանիշներով զիջի: Ես համոզված եմ, որ նույն տրադիցիաները Վահրամ Բաղդասարյանը կարող է շարունակել:

Տարիներ շարունակ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի պարտականությունը նախևառաջ եղել է իշխանությունների համար կարևոր քվեարկություններին պատգամավորների պատշաճ մասնակցությունն ապահովելը: Բաղդասարյանի համար առաջիկա ամենադժվար փորձությունը նորակազմ կառավարության ծրագրի անցանելիությունն ապահովելն է լինելու: Իշխող ուժն արդեն խորհրդարանում կոալիցիոն գործընկերներ խորհրդարանում չունի, իսկ ոչ ոչ իշխանական ուժերը տրամադրված են բոյկոտել այդ քվեարկությունը:

Գալուստ Սահակյանը կարծում է, որ Բաղդասարյանն այդ փորձությունը կհաղթահարի: Իր նախկին աշխատասենյակում Բաղդասարյանին շնորհավորելու եկած ԱԺ նախագահը նրան բնորոշեց որպես քաղաքականապես լավ պատրաստված անձնավորություն. - «Տնտեսագետ է, նաև այդ բլոկը, կարծում եմ, խմբակցության ներսում իր դրսևորումը կունենա: Ինքը ըստ ամենայնի այն տրադիցիաները, որ տարիներ շարունակ ունեցել է խմբակցությունը, դա կշարունակվի, և առավել ևս` կարծում եմ, ավելի կուժեղացվի և ավելի հմուտ պրոցեսներ կապահովվի խմբակցության համար»:

Բաղդասարյանը հաստատեց, որ Գալուստ Սահակյանի ուղուց չի շեղվելու. - «Ինձ թվում է, հին ավանդույթները կշարունակվեն»:

Հանրապետականը նաև անակնկալ հակաքայլ է պատրաստել ոչ իշխանական ուժերի համար. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզմունք հայտնեց, թե մյուս խմբակցությունները հավանության կարժանացնեն իրենց ծրագիրը, քանի որ այդ կուսակցությունների ծրագրային որոշ դրույթներ նույնպես տեղ կգտնեն կառավարության նոր ծրագրում»:

Խորհրդարանում առանց դաշնակիցների մնացած ՀՀԿ-ն «ձգում է գոտիները»: Գալուստ Սահակյանն ասաց, որ գործուղումներ չի թույլատրելու քառօրյաների ժամանակ: Դա նշանակում է, որ հաճախ քվեարկությունից քվեարկություն խորհրդարանում հայտնվող պատգամավորները քաղաքից բացակայելու պատրվակ այլևս չեն ունենա:

«Մտածում եմ` երևի եթե պետությանը անհրաժեշտ լինի, բացառություններ կլինեն», - այդուհանդերձ հարկ համարեց նշել Սահակյանը:

Խորհրդարանի նախագահը իր նախկին աշխատասենյակից միայն աթոռն է հետը տարել, բայց միևնույն է` նոր պաշտոնին դժվար է հարմարվում. - «Որովհետև երկար տարիներ խմբակցության ղեկավար եմ եղել, շատ ակտիվ: Հնարավորությունները ավելի շատ են եղել շփվելու: Պաշտոնում արդեն դու որոշակիորեն նաև չինովնիկական պարտականություններ ունես` հանդիպումներ, մարդկանց ընդունելություններ»:

Սահակյանը որոշել է չօգտվել իշխանության բարիքներից. կառավարական առանձնատուն` Սերժ Սարգսյանի հետ հարևանություն անելու, չի տեղափոխվի. - «Ես սիրում եմ իմ տունը, իմ կահույքը, իմ կենսակերպը: Ապրելաձևիս մեջ փոփոխություններ չեմ կարողանում ընդունել»:
XS
SM
MD
LG