Մատչելիության հղումներ

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կստորագրի Կրեմլի նախաձեռնած միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը, այդ մասին այսօր հայտնեց Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Հայաստանը պատրաստ է անդամակցության՝ ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ձգձգումները կապված են երրորդ երկրների հետ:

Պատգամավորը չմանրամասնեց ինչ խնդիրների մասին է խոսքը. - « Բոլոր խնդիրները, որոնք կան, Հայաստանի հետ չեն կապված: Դրանք այլ պետությունների հարթության վրա գտնվող խնդիրներ են»:

Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև՝ գուցե քաղաքական և ռազմական: Այսօր սակայն, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը պնդեց, թե ապագա միության կազմում Հայաստանը չի կորցնելու ինքնիշխանությունը. - «Հայաստանը իր անդամակցության հիմքում դնում է տնտեսական և անվտանգային խնդիրներ, այդ թվում` էներգետիկ անվտանգություն, պարենային անվտանգություն, կոմունիկացիոն անվտանգություն, ռազմաքաղաքական անվտանգություն և այլն: Բայց երբեք Հայաստանը չի դնում խնդիր, որ իր ինքնիշխանության և իր կողմից սուվերեն որոշումներ կայացնելու հնարավորությունները կարող են սահմանափակվել»:

Բնականաբար, Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ հայ-ռուսական տնտեսական համագործակցության վրա, ասում է պատգամավորն ու հավելում. - «Բայց միևնույն ժամանակ նաև ամբողջությամբ կախվածությունն հայ-ռուսական տնտեսական համակարգի այնքան չէ, որ մենք չկարողանանք դա հավասարակշռել արևմտյան երկրների հետ մեր տնտեսական համագործակցությամբ»:

Հայաստանի շահը այս պարագայում անվտանգ, երկարատև և դինամիկ զարգացման հնարավորությունն է՝ ինչը տվյալ պահին հնարավոր է նոր ձևավորվող միասնական տնտեսական տարածքում, ասում է Զաքարյանը: Քանի դեռ պաշտպանված են երկրի շահերն ու ակնկալիքները, Հայաստանը շահագրգիռ է միանալ ու լիարժեք անդամակցել այդ կազմակերպությանը, ընդգծում է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG