Մատչելիության հղումներ

Գյուլը օրինակելի է համարել Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի համագործակցությունը


Թբիլիսիում այսօր անցկացված Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների գագաթաժողովին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ասել է, թե կցանկանար, որ իրենց անկեղծ համագործակցությունը օրինակ դառնար մյուս երկրների համար:

Նրա խոսքերով՝ շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, որ հիմնված կլինի միջազգային համընդհանուր արժեքների վրա:

«Սրա հետ կապված մեր մոտեցումը ընդհանուր է։ Ադրբեջանի ու Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շատ կարևոր է, և մենք բազմիցս արտահայտել ենք մեր աջակցությունը այդ սկզբունքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Գյուլը անդրադարձել է նաև Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինական ճգնաժամը ազդեցություն է թողնում նաև տարածաշրջանի կայունության վրա:

«Մենք միակարծիք ենք, որ ուկրաինական քաղաքական ճգնաժամը հաղթահարվի տարածքային ամբողջականության և միջազգային նորմերի հիման վրա»,- երեք նախագահների անունից հայտարարել է Աբդուլա Գյուլը:

Նա նաև ասել է, որ Թուրքիան ուշադրությամբ է հետևում Ղրիմի թաթարների իրավիճակին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցությանը, ապա գագաթնաժողովի բացմանը Գյուլն ասել է, թե կովկասյան բարձրադիր լեռները պատեր չեն, այլ միմյանց կապող ճանապարհներ:

Թբիլիսիի ազգային գրադարանում անցկացված գագաթնաժողովում քննարկվել է համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ադրբեջանական էներգակիրների տեղափոխման, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Բիթլիս-Կարս երկաթգծի կառուցման հարցը նույնպես:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը նշանակություն ունի ոչ միայն երեք երկրների, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար:

«Մեր կողմից իրականացվող ծրագրերը դուրս են եկել տարածաշրջանի սահմաններից և գլոբալ բնույթ են կրում»,- ասել է նա։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, թե Թուրքիայի ու Վրաստանի համագործակցությունը վերջին տարիներին շատ տպավորիչ է:

Նրա խոսքերով՝ որքան հնարավոր է շատ երկրներ պետք է միանան տարածաշրջանային համագործակցությանը, ինչը կայունություն կապահովի։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG