Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի խորհրդարանի հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող օրինագիծը


Ամերիկյան ևս մեկ նահանգի խորհրդարան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Երեկ Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը ձայների 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող և Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի նախագծին:

Հանձնաժողովի նման որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի արդեն մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի և քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում: Այս բանաձևի նախագիծը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում դեռևս տարեսկզբին ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:

Երեկ արդեն դեմոկրատ պատգամավորը, խոսելով խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովի առջև, նշել է, որ «օրինագիծը պարզ նպատակ ունի, այն է՝ աջակցության արտահայտում բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունել են ժողովրդավարության և ինքնորոշման ամերիկյան արժեքները»։

Այս քննարկմանը երեկ ներկա են եղել Միացյալ Նահանգներում բնակվող հայկական և ադրբեջանական համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ, ովքեր տեղավորվել էին դահլիճի հակառակ կողմերում։ Այս մասին գրում է «Լոս Անջելես Թայմս» պարբերականը։

Բանաձևի շուրջ երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներին հնարավոր էր հետևել առցանց՝ Կալիֆորնիայի խորհրդարանի կանոնադրային հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։

«Որպես ամերիկացիներ, մեր սեփական խիզախ պատմությունը հիմնավորելով, բարոյապես պարտավոր ենք պաշտպանել մարդու իրավունքները, նույնիսկ եթե այդ մարդիկ գտնվում են աշխարհի մյուս ծայրում»,- ասել է Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը օրինագծի օգտին իր ունեցած ելույթի ընթացքում։

Ի նպաստ բանաձևի, վկայություն են տվել Ադրբեջանի կողմից գրավված Շահումյանի նախկին բնակիչ Ալինա Նալբանդյանը և Ամերիկայի հայկական խորհրդի անդամ Սևակ Խաչատուրյանը։

Թե ամերիկացի խորհրդարանականների նախաձեռնությունը, և հայ համայնքի ներկայացուցիչների ելույթները հարուցեցին դահլիճում ներկա ադրբեջանցիների զայրույթը։ Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Իսմայիլ Ռուստամովի համոզմամբ՝ «օրինագիծը ծայրահեղ կողմնակալ է, ինչպես նաև սխալ»։

«Արդոք հեղինակը գիտակցո՞ւմ է, որ օրինագծի ընդունումը կխափանի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա պատերազմ է ուզում սկսել»,- վրդովված հարցրել է Ռուստամովը։

«Լոս Անջելես Թայմսը», մինչդեռ, մեջբերում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևի հեղինակ Մայք Գաթոյի ավելի վաղ արված հարցազրույցներից մեկը, որում ամերիկացի պատգամավորը խոստովանել է, որ աշխարհաքաղաքական հակամարտություններին միջամտելը հետևանքներ կարող է ունենալ, սակայն միևնույն ժամանակ հավելել է, որ նահանգային օրենսդիրները ժամանակ առ ժամանակ միջամտում են միջազգային հարաբերություններին՝ որպես օրինակ մատնանշելով Սոչիի Օլիմպիական խաղերին ընդառաջ նույնասեռականների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը դատապարտելու հարցը։

«Կալիֆորնիայի համար երբեմն նաև կարևոր է իր կարծիքն արտահայտել արտաքին քաղաքականության վերաբերյալ, երբ կա բարոյական նշանակության խնդիր»,- ըստ ամերիկյան պարբերականի՝ ասել է Մայք Գաթոն։

Ղարաբաղի անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևեր են ընդունել նաև ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա նահանգները, իր ուղերձով Ղարաբաղին աջակցություն է հայտնել Մերիլենդի նահանգապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG