Մատչելիության հղումներ

Վարչապետը չի ցանկանում «ՀՀԿ-ի հասցեին հոխորտանք» համարել Ծառուկյանի հայտարարությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում «ՀՀԿ-ի հասցեին հոխորտանք» համարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։

«Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան ասել է Աբրահամյանը։

Իր հետ խնամիական կապեր ունեցող Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Գագիկ Ծառուկյանը երեկ առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստում։ Նա ուղղակիորեն հակադարձեց Ազգային Ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջերս հնչեցրած այն հայտարարություններին, թե «եթե որևէ մեկը գալիք տարիների ըն­թաց­քում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանա­պարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Սերժ Սարգսյանը բացառում է իր առաջադրումը, բայց մրցակցությունը առաջին հերթին տեղի է ունենալու Հանրապետականի ներսում»։ Մելիք Ադամյան փողոցում, հիշեցնենք, ՀՀԿ գրասենյակն է։

«Այս ընտրությունները՝ դա կլինի խորհրդարանական թե նախագահական, այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը.- «Ընտրության հիմնական տերը, որոշողը ժողովուրդն է: Իսկ էսօր դուք գիտեք ժողովրդի մոտեցումն էլ, տեսակետն էլ, թե էսօր որ միասնական իրենց ապրելակերպի, առօրյայի վրա զգալով՝ նրանք պատրաստակամ են կանգնելու, իրենց ձայնին տեր կանգնելու և իրավիճակը փոխելու»։

Խոստանալով նոր վարչապետի ու կառավարության վերաբերյալ դիրքորոշումը հայտնել առաջիկայում, հեռուստատեսային հարցազրույցի ձևաչափով, Ծառուկյանը միաժամանակ վերահաստատեց փետրվարի 15-ի համագումարում հնչեցրած իր հայտարարությունները, երբ պնդել էր , որ պատրաստ է «ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»։

«Մենք, մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես անձամբ՝ ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք [«Բարգավաճ Հայաստան»-ի՝ փետրվարի 15-ին կայացած 7-րդ] համագումարում՝ կետ առ կետ պահել եմ, ու դա մինչև վերջ ես պահելու եմ, պահպանեմ՝ իմ արժանապատվության խնդիրն է, ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու», - վստահեցրել է ԲՀԿ-ի առաջնորդը:

Հովիկ Աբրահամյանը այսօր կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ի խոսնակի հայտարարությունը թերևս Ծառուկյանի կողմից սխալ է ընկալվել։

«Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. ՀՀԿ խոսնակի հայտարարությունը որևէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»,- ասել է վարչապետ Աբրահամյանը։

Ոչ իշխանական քառյակում ԲՀԿ-ի գործընկեր ուժերը գերադասում են հեռվից հետևել ՀՀԿ-ի ու Ծառուկյանի հեռակա բանավեճին։ Ընդդիմադիր որոշ պատգամավորներ «Ազատության» հետ զրույցներում «անլուրջ» էին համարում երկու կողմից հնչած հայտարարությունները, ոմանց էլ գոհացրել էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը։ Բայց, այնուհանդերձ, պատգամավորները զերծ մնացին հրապարակային մեկնաբանություններից։

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ հեռակա այս բանավեճը ծավալվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու հեռանկարի շուրջ։

«Տեսանելի է, որ նրանք դիրքավորվում են 2017-2018 թվականների նկատմամբ։ Հիմա, կարծում եմ, սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որ արվել է ՀՀԿ կուսակցության կողմից, և վերաբերվում է կարծեք թե նախկին երեք նախագահների չվերադառնալու պահանջին, սա առաջացրել է բավականին բուռն դիմադրություն»,- ասաց նա։

«Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, փորձում է խառնել խաղաքարտերը, որոնք ամենևին շահեկան չեն երկրորդ նախագահի համար։ Հետևաբար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը առաջին հերթին ուղղված է եղել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային, հասցեատեր ունեցել է երկրորդ նախագահին և քաղաքական ուժին, որը լոյալ է կամ համակրում է նրան»,- ասաց Սաֆարյանը՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի թիկունքում կանգնելու հայտ էր.- «Կարծում եմ, այո։ Հասցեատերը պատասխանեց այդ մարտահրավերին և ձեռնոցին»։

Քաղաքագետների շրջանում էլ կա համոզմունք, որ սա զուտ Գագիկ Ծառուկյանի ինքնաբուխ հայտարարությունը չէ։ «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, իր բնորոշմամբ, «ներիշխանական փոխհրաձգությունների» և զարգացումների թիկունքում երրորդ և «ոչ լուսավոր» ուժերի է տեսնում։

«Այստեղ մի ճշմարտության հատիկ կա, որ այո, այնուամենայնիվ Մելիք Ադամյան փողոցը չէ, որ հավերժ մնալու է Հայաստանում քաղաքական որոշումներ ընդունելու ինչ-որ մի վայր։ Սակայն դա նաև չի նշանակում, որ դա արտաբերողները իրենք են դառնալու քաղաքական որոշումներ ընդունողներ, որովհետև այստեղ սովորաբար միշտ երրորդ ուժ է ի հայտ գալիս, ոչ այնքան լուսավոր ուժ, անողոք մի բիրտ ուժ, նաև մեծապես դրսից կառավարվող... և ամենակարևորը այս պրոցեսի մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղից դուրս է»,- ասաց Մեհրաբյանը։

«Ես կարծում եմ, որ շատ բաներ պայմանավորված է լինելու երկրորդ նախագահի շրջապատի հետ և իհարկե, Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող այդ հատվածի հետ, հաշվի առնելով, որ Խորհրդային Միություն երկու վերականգնելու մասին արդեն անթաքույց խոսում են։ Սա խիստ վտանգավոր է»,- ասաց վերլուծաբանը։
XS
SM
MD
LG