Մատչելիության հղումներ

Այս տարի 11-րդ անգամ անցկացվելիք «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ձևակերպմամբ` միայն կինոփառատոն չէ:

«Դա մեր կյանքն է, մեր առօրյան է, մեր քաղաքն է, որը կերպարանափոխվում է այդ օրերին: Եվ այսօր ես ուզում եմ արձանագրել, որ փառատոնը ստեղծվեց, և բոլորը հավատարիմ մնացին այդ փառատոնին», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, թե փառատոնը այս տարի մտնում է իր երկրորդ տասնամյակի շրջանը. - «Հաջորդ տասը տարին, կարծում եմ, միասին նույնպես կշարունակենք` ավելի մեծ պահանջներով և' մեր նկատմամբ, և' մեր արած գործի նկատմամբ»:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի փոխանցմամբ` արդեն ստացել են ավելի քան 1500 հայտ շուրջ 100 երկրներից:

«Անկեղծ ասած` արդեն դադարել ենք զարմանալուց, որովհետև շատ-շատ են… ամենաէկզոտիկ երկրներից: Բայց ինձ համար զարմանալի էր, որ այս տարի ամենաշատ ֆիլմ եկել էր Գերմանիայից` 141 ֆիլմ, երկրորդ տեղում, բնականաբար, Ռուսաստանն է` 120 ֆիլմ: Հետո նոր գալիս են արդեն Իտալիան, Ֆրանսիան, Պարսկաստանը, Հայաստանը: Հայաստանից 59 ֆիլմ է»:

Անցած տասնամյակի ընթացքում փառատոնը Հայաստանը ճանաչելի է դարձրել դրսում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը շեշտեց. - «Մենք իսկապես կինոքարտեզի վրա ենք հաստատվել և հաստատուն ձևով ներկայանում ենք աշխարհին»:

Հուլիսի 13-ին մեկնարկող 11-րդ «Ոսկե Ծիրան»-ը այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Բացի արդեն ավանդական դարձած ծրագրերից, կանցկացվեն աշխարհահռչակ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր, մեծանուն ռեժիսորին նվիրված լուսանկարչական ցուցահանդես կբացվի «Մոսկվա» կինոթատրոնում:

Փառատոնը, անկասկած, կբացվի Փարաջանովի ֆիլմերից մեկով, սակայն կազմակերպիչները դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

«Մի մասը գտնում է, որ պետք է վերականգնված «Նռան գույնը» ցուցադրել: Եվ կան մեր մեջ մարդիկ, որոնք կարծում են, որ փառատոնը պետք է բացել նրա ավելի քիչ հայտնի վավերագրական ֆիլմերով`«Հովնաթանյան», «Պիրոսմանի» և «Կիևյան ֆրեսկաներ»», - փոխանցեց Միքայել Ստամբոլցյանը:

Հարություն Խաչատրյանը հավելեց, որ իրենք դիմել են Հայաստանի ղեկավարությանը փառատոնի բացումն ու փակումը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դահլիճում անցկացնելու խնդրանքով:
XS
SM
MD
LG