Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան․ «Այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում հրապարակային միջոցառման ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում հրապարակային միջոցառման ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը վստահեցնում է, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականը այլևս չի հաղթելու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը հայտարարել է, թե առաջիկայում ինչ ընտրություններ էլ անցկացվեն՝ նախագահական թե խորհրդարանական, իշխող Հանրապետական կուսակցությունը այլևս չի հաղթելու:

Ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստում՝ Ծառուկյանը մասնավորապես հակադարձել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի օրերս հնչեցրած այն պնդմանը, թե «եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով», որտեղ գտնվում է իշխող կուսակցության գրասենյակը:

«Ցանկացած համապետական ընտրություն՝ դա կլինի խորհրդարանական, կլինի նախագահական, ընտրության հիմնական տերը, որոշողը ժողովուրդն է: Իսկ էսօր դուք գիտեք ժողովրդի մոտեցումն էլ, տեսակետն էլ, թե էսօր որ միասնական իրենց ապրելակերպի, առօրյայի վրա զգալով՝ նրանք պատրաստակամ են կանգնելու, իրենց ձայնին տեր կանգնելու և իրավիճակը փոխելու», - երեկ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը՝ շարունակելով․ - «Այնպես որ, կարող եմ ասել՝ այս ընտրությունները՝ դա կլինի խորհրդարանական թե նախագահական, որ ասեմ, թե այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»:

Ըստ էության, սա Գագիկ Ծառուկյանի առաջին հրապարակային ելույթն է իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո:

Պայմանավորված երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակով, մասնավորապես՝ վարչապետի և կառավարության փոփոխությամբ, Ծառուկյանը մտադիր է հանդես գալ հեռուստատեսային ելույթով՝ ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը: Մինչ այդ կուսակցության առաջնորդը շեշտում է՝ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել:

«Մենք, մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես անձամբ՝ ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք [«Բարգավաճ Հայաստան»-ի՝ փետրվարի 15-ին կայացած 7-րդ] համագումարում՝ կետ առ կետ պահել եմ, ու դա մինչև վերջ ես պահելու եմ, պահպանեմ՝ իմ արժանապատվության խնդիրն է, ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու», - վստահեցրել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը:

«Էսօր երկրորդը չկա, որտեղ կարող ես գնալ, հարցնել, սկսած բոլոր կառույցներից, բոլոր ոլորտներից՝ միանշանակ մարդիկ հավատում են մեր կուսակցությանը, մեզ», - երեկ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
XS
SM
MD
LG