Մատչելիության հղումներ

logo-print

Խելացի հայ պատանիներին ՌԴ-ն շահագրգռում է անվճար բուհական կրթությամբ


ՌԴ-ն բարձր առաջադիմությամբ աշակերտներին ռուսական բուհերում անվճար սովորելու հնարավորություն է տալիս։

«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» խորագրով օլիմպիադայի, նաև միասնական քննության արդյունքում հաղթող կամ բարձր միավոր հավաքած աշակերտները հնարավորություն են ստանում ընդունվել ռուսաստանյան որևէ բուհ:

Հայաստանում ՌԴ դեսպանատանը կից գործող «Ռուսսատռուդնիչեստվո» կազմակերպությունը Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ֆիզիկամաթեմատիկական հոսքով վարժարաններում է այն անցկացնում արդեն երկրորդ տարին։ Կազմակերպության կայքէջից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ Հայաստանի համար ռուսական տարբեր բուհերում անվճար սովորելու համար հատկացվել է 208 տեղ: Այս տարի Ռուսաստանում անվճար սովորելու հնարավորություն է ստացել հայաստանցի տասը աշակերտ:

Այս օլիմպիադայի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բարձրաձայնեց, թե օլիմպիադայի քողի տակ երեխաներին լավ պայմաններով հրապուրում են ու տանում են ոչ միայն անվճար սովորելու ու բանակից տարկետման իրավունքով, այլ նաև առաջարկում են մեկ տարի անց դառնալ ՌԴ քաղաքացի:

Գյումրիի «Ֆոտոն» վարժարանից չորս աշակերտ հաղթել է և հնարավորություն ստացել մեկնելու Ռուսաստան սովորելու:

Պատանիները «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ իրենց առաջարկվել է անվճար ուսում, բանակից տարկետում, հանրակացարան։ Չորս աշակերտն էլ վստահեցրեցին, որ իրենց Ռուսաստանի քաղաքացիություն չեն առաջարկել։

Թեև աշակերտները ասացին, որ Հայաստան վերադառնալու վերաբերյալ պարտադիր պայման չկա, կարող են մնալ, կարող են վերադառնալ, «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանն ասաց, թե աշակերտների հետ հատուկ պայմանագիր է կնքվելու:

«Պայմանագրի մեջ, որը կնքվում է երկու կառավարությունների և երկու նախարարությունների միջև յուրաքանչյուր ընդունված դիմորդ-ուսանողի համար, այդ կետերը հստակ նշված են, որ Ռուսաստանի բուհերում ստացած կրթությունը ծառայեցնելու են Հայաստանին։ Վերադառնալու պայմանը անպայման նշվում է։ Եթե վերադառնալու հարցը փորձենք շատ ավելի խորացնել, ես կտեղայնացնեմ մեր հանրապետության չափորոշիչներով։ Գյումրեցի դիմորդ-ուսանողը բուհը ավարտելուց հետո ամուսնանում և մնում է Երևանում...»,- ասաց տնօրենը։

Մի բան ամեն դեպքում մնում է անհայտ. դրսում ուսում ստանալը թանկ հաճույք է համարվում, ու սովորաբար կրթական ծրագրերը համաֆինանսավորվում են, իսկ թե ո՞րն է ռուսական կողմի շահը, որ պատրաստ է անվճար կրթել ու պահել հայ ուսանողին, ընդդիմադիրներն այն արդեն որակել են պետական մակարդակով կազմակերպվող արտագաղթ, այն էլ լավ կադրերի:
XS
SM
MD
LG