Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, որտեղ նրան է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն Իրանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը:

«Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Թեհրանում կայացել են նաև արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկել են առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նրանք նաև անդրադարձելեն Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:

Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ, անդրադարձել Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։

Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորությունը:

Այսօր Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:

Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը՝ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG