Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության ծրագիրը «հերթական փորձությունն է լինելու քառյակի համար»


Կառավարության կազմն ամբողջացավ. մնաց ծրագիր հեղինակեն և կատարեն:

«Պահպանելով լավագույններին` անկախ հայացքներից, առաջադրելով նորերին` հնարավորինս զերծ մնալով ծանոթ-բարեկամ նշանակումներից», - պաշտոնամուտի օրը Հովիկ Աբրահամյանին ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

20 օր անց արձանագրենք. նշանակված 19 նախարարներից հայաստանցիներին անծանոթ են միայն 2-ի անունները` Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանինն ու Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանինը: Մնացած 17-ը այս կամ այն ձևով այս կամ այն նախկին նախագահի ղեկավարման տարիներին պաշտոններ ունեցել են:

Փոխակերպումներ, իհարկե, եղան: 2008-2009 թվականներին Գյուղատնտեսության նախարար աշխատած Արամայիս Գրիգորյանին ԱԺ ընտրություններում Արարատի մարզում ՀՀԿ-ի շտաբի պետի պարտականությունները կատարելուց հետո վստահվեց մարզպետի պաշտոնը: Կառավարության վերջին հրաժարականից հետո պարզվեց, որ նա կարող է աշխատել նաև որպես Բնապահպանության նախարար:

Ղեկավար պաշտոն զբաղեցնելու առումով պարզվեց, որ անփոխարինելի է նաև Երվանդ Զախարյանը. 1998-ից եղել է Տրանսպորտի, Պետական եկամուտների նախարար, ապա նշանակվել է Երևանի քաղաքապետ, Կառավարության առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Այժմ էլ նրան վստահել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Նույնչափ բազմապրոֆիլ չէ Գագիկ Խաչատրյանի պաշտոնեական առաջխաղացման ցանկը. ներառում է միայն մաքսային և հարկային ոլորտները: Բայց դրանց էլ Խաչատրյանը հրաժեշտ չտվեց, քանի որ նախարար նշանակվելուց ժամեր անց այդ ոլորտները միավորվեցին Ֆինանսների նախարարությանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` նախկինի համեմատ նորանշանակ կառավարությունն ավելի վատն է:

«Նոր կառավարության կազմում տեղ են գտել չափազանց օդիոզ դեմքեր, օլիգարխներ, ովքեր նախկին առիթ ունեցել են ղեկավարել այս կամ այն ոլորտը և հաստատ այդ ոլորտում աչքի են ընկել ոչ ամենևին ժողովրդավարություն, տնտեսություն զարգացնելու հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այդքան վատատես չէ. մի լավ բան, նրա խոսքով, արդեն կա` չկա նախկին վարչապետը. - «Այս կառավարությունն ունի նախկին կառավարության փորձը: Համենայն դեպս այս կառավարությունը գիտի, թե ինչ պետք է չանել»:

Ներկայիս կառավարության ուժեղ և թույլ կողմերին անդրադառնալով` նախկին վարչապետը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում նկատեց. - «Այս կառավարության մեջ ընդգրկված մարդիկ, անշուշտ, փսրձ ունեցող մարդիկ են: Որևիցե մեկի նկատմամբ չես կարող ասել, որ պատահական անձնավորություն է: Այդ գիծը երևում է: Համենայն դեպս այս մի 20 օրը փորձում են դիմել մարդկանց և այլն` խոսել, հրավիրել երկխոսության: Այս կառավարության թերությունները. այս կառավարության մեջ ավելի մեծ է պրոբլեմը, քան նախորդի մեջ` կապվածությունը բիզնեսի հետ, որից մենք շատ տուժում ենք»:

Նոր կառավարության առաջնահերթությունները սահմանալիս Սերժ Սարգյանն ասել էր` պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն` արգելված:

Ընդդիմադիր Ստեփան Սաֆարյանն այս հեռանկարին չի հավատում, որովհետև, նրա խոսքով, այս կառավարության անդամներից շատերը տարբեր տարիներին իրենց լուրջ դերակատարությունն են ունեցել երկրի զարգացումը խոչընդոտելու առումով. - «Ընդհանուր առմամբ նշանակվել են այնպիսի մարդիկ, ովքեր շահել են այս ներկա համակարգից: Սպասել, որ նրանք կքանդեն այս համակարգը, դա նույնն է, որ սպասել, թե նրանք կքանդեն իրենց սեփական տունը»:

Ուստի, Սաֆարյանի համոզմամբ` իրավիճակից միակ ելքը ամբողջական իշխանափոխությունն է. - «Ցավալիորեն, ես կարծում եմ, պահը բաց է թողնվել: Չեմ կարող ասել. միտումնավոր, գիտակցաբար, հաշվարկով, թե` ոչ: Բայց, համենայն դեպս, փաստը այն է, որ քաղաքական ուժերը չկոնսոլիդացան»:

Հարցին, թե արդյոք կարելի է արդեն պնդել, որ կոնսոլիդացիան չկայացավ, Սաֆարյանը պատասխանեց. - «Իմ կարծիքով` այո: Թեպետ իմ կուսակցությունը մինչև մայիսի վերջը սպասելու է, բայց ես, անկեղծ ասած, սպասելիքներ չունեմ նաև այս առումով, որովհետև դրա նշաններն անգամ տեսանելի չեն»:

Խորհրդարանում տարբեր հարցերի շուրջ համագործակցող ոչ իշխանական քառյակը նոր կառավարության վերաբերյալ միասնական տեսակետ չի արտահայտել: Ստեփան Սաֆարյանի ձևակերպմամբ` քառյակն ընդհատակում է:

Կառավարության ծրագիրը, ըստ նրա, «հերթական փորձությունն է լինելու» քառյակի համար. - «Տեսնելու և նաև հասկանալու, թե որտեղով է անցնում ընդդիմություն - իշխանություն սահմանագիծը»:
XS
SM
MD
LG