Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով»


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: Այդ մասին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ կիրակի օրը Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ այցելության ժամանակ:

«Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան», - Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության գործելաոճը «խոստում և իրականացում» սկզբունքի ներքո է լինելու: Նշելով, թե գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, Աբրահամյանը շարունակել է․ - «Միաժամանակ, յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»:

Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:

Աբրահամյանը հայտնել է, որ Կառավարության առաջիկա ծրագրերն ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:

Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչները վարչապետի հետ զրույցում բարձրացրել են նաև ամբուլատորիայի, ոռոգման ջրի համակարգի վերակառուցման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:

Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG