Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները քննադատում են կալանքի որոշումների կայացումը


Հայաստան -- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում, արխիվ
Հայաստան -- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում, արխիվ
Չնայած եվրոպական կառույցների, հայաստանյան փաստաբանների քննադատությանն ու գերծանրաբեռնված կալանավայրերին՝ դատարանները շարունակում են կալանքի որոշումներ կայացնել նախաքննության ընթացքում։

Վիճակագրությունը փաստում է՝ 2012-2013 թվականներին դատավորները կալանքի մասին միջնորդությունների ավելի քան 94 տոկոսը բավարարել են։ Անձին կալանավորելու համար դատարան դիմող քննիչները սովորաբար հայտարարում են, թե ազատության մեջ գտնվելով՝ կասկածյալը կխոչընդոտի նախաքննությանը։

«Այդ նախադասությունը հենց հիմքերին է պետության անիծում», - գրեթե ամեն գործով այս արտահայտությունը կրկնող քննիչներին հակադարձում է հայտնի փաստաբան Արա Զաքարյանը:

Փաստաբաններն ու իրավապաշտպանները միաբերան նշում են, որ կալանքի մասին որոշումները կայացվում են Հայաստանի օրենսդրության ու Եվրոպական կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով, իսկ այս ոլորտում հայտարարված բարեփոխումները իրական չեն։ Պատճառն, ըստ նրանց, խորհրդային Հայաստանից է գալիս՝ հանցագործության մեջ մեղադրվողը զրկված է իրավունքներից ու պետք է մեկուսացվի։

Վիճակը չփոխեց անգամ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանի՝ անցած տարեվերջի հայտարարությունը, որտեղ ասում էր, թե նախագահը խափանման միջոցի հիմնահարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում։

«Այդ հայտարարությունը ոչ մի արժեք չունի նախաքննական մարմնի և դատարանների համար»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, - «Մեր իշխանավորները ազատությունների մասին խոսելիս համեմատում են մեզ մեր անցյալի հետ: Ոչ թե մեր այսօրվա իրականության պահանջներով են առաջնորդվում, այլ համեմատում են, ենթադրենք, բրեժնևյան ժամանակաշրջանի հետ և ասում են՝ այ, տեսեք, այն ժամանակ չէր կարելի, իսկ հիմա կարելի է, նշանակում է՝ մենք առաջ ենք գնում»:

Դատարաններն անկախ չեն և ստիպված են բավարարել քննիչների միջնորդությունը, հակառակ դեպքում կարժանանան նախկին դատավոր Սամվել Մնացականյանի ճակատագրին, ասում են փաստաբանները: Հիշեցնենք՝ դատավոր Մնացականյանը մերժել էր քննիչին և ազատ արձակել կասկածյալին, արդյունքում՝ կորցրեց դատավորի պաշտոնը:

Մեկ այլ պատճառ ևս կա՝ ասում են փաստաբանները՝ շատ դատավորներ ու քննիչներ գերադասում են կասկածների տեղիք չտալ։ Եթե որոշեն կալանքի փոխարեն այլ միջոց կիրառել, կմեղադրվեն շահագրգռվածություն ցուցաբերելու մեջ։

«Չկասկածվելու համար կոռումպացված լինելու մեջ՝ դատավորները միանշանակ բավարարում են այդ միջնորդությունները: Միայն նրա համար, որ իրենց չկասկածեն», - ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Դատական դեպարտամենտը, սակայն, դատարանների հասցեին հնչող այս քննադատության հետ համամիտ չէ ու պատճառը տեսնում է ոչ թե կամայականության, այլ գործող օրենքի անկատարության մեջ։

«Գործող օրենսգրքով կալանքը կիրառվում է, քանի որ անհնար է այլ միջոց կիրառել»,-ասում է Դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ու պարզաբանում, որ այն որոշ դեպքերում այլ միջոցների ընտրության հնարավորություն չի տալիս։

Բաբայանի հաշվարկներով կալանքն այժմ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է կիրառվում:

«Հայաստանում կալանքների կիրառումը որևէ կերպ չի զիջում եվրոպական երկրների ստանդարտներին», - ասում է Բաբայանը, - «Պարզապես մի խնդիր ունենք մենք, որն, իհարկե, արդեն իսկ լուծվում է՝ կապված խափանման միջոցների տարբեր տեսակների հետ, այլընտրանքային միջոցների հետ: Կան որոշակի դեպքեր, երբ կալանքը թվում է շատ, իսկ ստորագրությունը քիչ, այստեղ կիրառվում է կալանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG