Մատչելիության հղումներ

Անկարան թուրք-հայկական երկխոսության կոչ է հնչեցնում


Հայաստան – Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (աջից) և նրա թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են Երևանում, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստան – Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (աջից) և նրա թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են Երևանում, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:

Բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։ Դավութօղլուն, այդուհանդերձ, որևէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին:

«Թուրքերը և հայերը հարաբերություններ են ունեցել դարեր շարունակ», - գրել է Թուրքիայի արտգործնախարարը, - «Հայերը Օսմանյան կայսրության ամենալայնորեն ինտեգրված համայնքներից էին, որոնք մեծապես հարստացրել են կայսրության սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքը, և անասելի արժեք են ներկայացրել կայսրության զարգացման տեսակետից պատերազմների և խաղաղության հաջորդական շրջաններում»:

«Օսմանյան հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել… Էդգար Մանասը, ևս մեկ հայ, Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր: 19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը առանձնացել է օսմանյան սուլթանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով: Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսին են կայսերական Դոլմաբահչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ», - գրել է Դավութօղլուն:

Շարունակելով` Թուրքիայի արտգործնախարարը գրել է, թե հայերը «մեծապես տուժել են» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

«Հայկական համայնքի մի զգալի մասի տեղահանման հետևանքները անընդունելի էին և անմարդկային», - հավելել է Դավութօղլուն` իր օգտագործած այս ձևակերպումներով զգալիորեն հեռանալով տասնամյակներ շարունակված Հայոց ցեղասպանության ժխտման` Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական թեզից:

Այդուհանդերձ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հոդվածում կրկին խոսում է պատերազմի տարիներին նաև մահմեդականների մահվան մասին, ինչին, նրա պնդմամբ, աշխարհը տեղեկացված չէ:

«Կարո՞ղ են արդյոք իրադարձությունների շարադրման թուրքական և հայկական տարբերակները մերձենալ, հնարավո՞ր է արդյոք «արդարացի հիշողության» հանգել», - հարցրել է նա: «Հավատալով, որ սա հնարավոր է, Թուրքիան առաջարկել է ստեղծել թուրք և հայ պատմաբաններից կազմված միացյալ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները: Ստեղծվելու դեպքում, նման հանձնաժողովի եզրակացությունները կարող են բերել այս ողբերգական շրջանի առավել լավ ընկալմանը, և հուսով եմ` օգնել կարգավորել մեր հարաբերությունները», - հավելել է Դավութօղլուն:

Նշենք, որ Ցյուրիխում 2009 թվականին Դավութօղլուի և Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի միջև նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում նմանօրինակ հանձնաժողով ստեղծելու մասին դրույթ կար, սակայն հենց Թուրքիան ձգձգեց և չվավերացրեց այդ արձանագրությունները` ի վերջո դրա համար որպես նախապայման առաջադրելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը:

Դավութօղլուն իր հոդվածում հավելել է, թե Անկարան այժմ տեսնում է «2009 թվականին հաշտեցման և համագործակցության բաց թողնված հնարավորությունը վերագտնելու շանս»:
Հայաստան – Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Երևանում կայացած մամուլի ասուլիսից հետո իր լիմուզինից ձեռքով ողջունում է լրագրողներին, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստան – Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Երևանում կայացած մամուլի ասուլիսից հետո իր լիմուզինից ձեռքով ողջունում է լրագրողներին, 12-ը դեկտեմբերի, 2013թ.
«Վարչապետ Էրդողանի հայտարարությունը այս ուղղությամբ արված աննախադեպ և համարձակ քայլ է», - եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը բրիտանական պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Հիշեցնենք, արձագանքելով ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի անսպասելի հայտարարությանը` Հայաստանի իշխանությունները այն որակել են «ժխտման ու քողարկման հերթական՝ ավելի կատարելագործված դրսևորում» և ընդգծել, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքականության մեջ, իսկ դրա դրսևորումներն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG