Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանին նայում են արդեն որպես մաքսայինոտ երկիր»


Freedom House-ի «Մամուլի ազատության քարտեզը 2014թ․», 1-ը մայիսի, 2014թ․

Freedom House-ի «Մամուլի ազատության քարտեզը 2014թ․», 1-ը մայիսի, 2014թ․

Մեդիա փորձագետները և խմբագիրները Freedom House-ի զեկույցում Հայաստանի վարկանիշի վատթարացման մեջ որոշակի միտում են տեսնում:

Օրերս Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում Հայաստանը 197 պետությունների շարքում զբաղեցրեց 134-րդ հորիզոնականը՝ այդպիսով անցած տարվա համեմատ մեկ միավորով վատթարացնելով իր դիրքերը:

«Սա իհարկե կարող է դիտարկվել որպես բարոյական պատժամիջոց, բայց կարելի է նաև որպես կանխատեսում համարել», - այսօր «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով․ - «Համենայնդեպս ես չէի արհամարհի այդ հանգամանքը և դա կդիտարկեի որպես զգուշացում բոլորիս համար, որ պիտի զգոն լինենք և թույլ չտանք, որ այն միտումները, որոնք կան քաղաքական մակարդակով, անդրադառնան նաև ազատությունների, ժողովրդավարության վրա:


«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը մինչդեռ կարծում է, որ մեծ կարևորություն չպետք է տալ միջազգային այս ու այլ զեկույցներին:

«Առաջին գնահատողը պետք է լինի հեռուստադիտողը, ընթերցողը և սպառողը: Ինչ վերաբերում է Freedom House-ի զեկույցին, միակ բանը, որ փոխվել է՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է, որ մտնում է Մաքսային միություն: Ընդամենը: Ինչ-որ շատ միտումնավոր մեսիջներ ուղարկելու խնդիր չէ, պարզապես Հայաստանին նայում են արդեն որպես մաքսայինոտ երկիր, այլ ոչ թե եվրոասոցացման ուղին բռնած երկիր», - նշեց նա:

Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցների ազատության ցուցանիշով Հայաստանը այսօր նույն մակարդակի վրա է, ինչ Էկվադորը, Զամբիան, Լիբիան, Թուրքիան և Հարավային Սուդանը: Freedom House-ի փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների թվում: Այս գնահատականները, սակայն, արդար չի համարում «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Նա այսօր aravaot.am կայքէջում գրել էր, թե չի կարծում, որ խոսքը համացանցի կամ տպագիր մամուլի մասին է, որտեղ, ըստ նրա, խոսքի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: Իսկ եթե մտահոգությունը վերաբերում է հեռուստատեսային եթերին, ապա թեպետ այստեղ վիճակն իսկապես հեռու է իդեալականից, բայց ասել, որ այստեղ հետընթաց է գրանցվել, ըստ Աբրահմայնի, արդար չէ:

«Մենք պետք է հայտնվեինք մոտավորապես ոչ թե 134-րդ տեղում` «ոչ ազատ» Թուրքիայի կողքին, այլ մոտավորապես 47-րդ հորիզոնականում` «մասամբ ազատ» Վրաստանի կողքին, որին մենք ոչնչով չենք զիջում», - եզրահանգում է Աբրահամյանը՝ ենթադրելով` եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, այդպես էլ կլիներ:
XS
SM
MD
LG