Մատչելիության հղումներ

Ճարտարապետի թոռը չի հավատում շինարարների արդարացումներին


Մարկ Գրիգորյան. «Ես ցավում եմ իմ անճարությունից»
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված Հր. Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքն անցյալ տարի օտարվել ու անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ակադեմիայի համար։

ՀԱՊԿ-ի ակադեմիային շենքը չի տրվել քանդելու իրավունքով, քանի որ այն, ինչպես Փակ շուկան, ներառված էր օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։ Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը վստահեցրեց, սակայն, որ շենքի դիմային մասը չեն քանդել, այն փլուզվել է։

«Շենքը չդիմացավ, փլուզվեց, որովհետև այն հնացած էր և շատ թույլ էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ռեկտորը` վստահեցնելով, թե ամեն ինչ անելու են կառույցը վերականգնելու համար։

Մեկ ամիս առաջ տարածքում սկսվել է շինարարությունը, քանդել են դպրոցի շենքը՝ պահպանելով միայն դիմային հատվածը։ Ապրիլի կեսերին շենքի դիմային մասը աստիճանաբար սկսվել է քանդվել, բայց միայն վերջնական փլուզումից հետո են շինարարները որոշել համարակալել շենքի քարերը։ Բանվորները ասացին, որ քարերը ավերակից հանում և ուղարկում են պահպանման վայր։

Հայտնի խորհրդային ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ պապի անունը կրող լրագրող Մարկ Գրիգորյանը խիստ անակնկալի է եկել տեղի ունեցածից։

«Ինձ համար տեղի ունեցածը ողբերգական է։ Ես համարում եմ, որ այդ շինարարությունը կատարողը հանցագործ է. եթե դա տեղի ունեցավ պատահաբար, հանցագործություն էր, եթե դա տեղի ունեցավ միտումնավոր` առավել ևս», - ասաց Մարկ Գրիգորյանը։

Ռեկտորի և շինարարների այն պնդումները, թե շենքը սեյսմակայուն չէր, հին էր, հիմքերը թուլացած էին, Մարկ Գրիգորյանին չեն համոզում, քանի որ Երևանի կենտրոնի բազմաթիվ շենքեր կառուցվել են հենց այդ տարիներին և կանգուն են։

Մարկ Գրիգորյանը ՀԱՊԿ-ի ակադեմիայի շենքի և Փակ շուկայի հետ տեղի ունեցածի միջև զուգահեռ է տանում։

«Ես ցավում եմ իմ անճարությունից», - ասում է նա և ավելացնում, որ չի հավատում, որ այն կվերականգնվի։

Թե ինչու Մշակույթի նախարարությունը կամ վերջինի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը չեն հետևել շենքի ճակատագրին կամ պատրաստվու՞մ են արդյոք պատասխանատվության կանչել շենքի նոր սեփականատիրոջը՝ պարզել չհաջողվեց։ Մշակույթի նախարարությունից մեր հարցմանը այդպես էլ չպատասխանեցին։

Շենքի նոր տարբերակի նախագծմամբ զբաղվող քաղաքապետարանի «Երևաննախագծի» տնօրենի հետ էլ կապվել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG