Մատչելիության հղումներ

Վարչապետը անակնկալ այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, այսօր հաղորդում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աբրահամյանին ուղեկցել են Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց բացահայտած փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: Գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:

Ներկայացվածի հետ կապված՝ տնօրենը հայտնել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը:

Դիմելով տնօրենին՝ վարչապետ ը նշել է. - «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»:

Աբրահամյանն ընդգծել է, որ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Նա հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար:

Օմբուդսմենը շնորհակալություն է հայտնել վարչապետին հաստատություն այցելելու համար և նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG