Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Ձևավորվել է օլիգարխների կառավարություն»


Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատմամբ` Հայաստանում ձևավորվել է օլիգարխների կառավարություն:

Նա թերահավատ է, թե կառավարության նոր կազմով հնարավոր կլինի դրական փոփոխություններ իրականացնել տնտեսության մեջ. - «Շատ տխուր է, որ մենք տեսանք դեմքեր, որոնց մամուլը արդեն հասցրել է բնութագրել որպես կաշառակերներ: Խոշորագույն կաշառակերների կառավարություն է: Որովհետև հիմնականում բոլոր դեմքերը հայտնի են, նախկին կառավարություններում աշխատած, բավականին վատ համբավ ունեցող»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո առաջին ելույթում նախագահ Սարգսյանը ասաց, թե նոր կառավարության կազմում էական փոփոխություններ են լինելու: Արդեն ձևավորված կաբինետում, սակայն, փորձագետներն այդ փոփոխոությունները չեն տեսնում՝ նկատելով, որ կառավարության նոր անդամները պաշտոններ են զբաղեվրել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:

«Նույն կադրերը, որոնք աշխատել են մի ուրիշ կառավարությունում տարիներ առաջ, առաջինը, այսօր դա այդ կադրերը չեն: Այն մարդիկ են, որոնք այն տարիներին կարողացել են կուտակել կոռուպցիայի հաշվին խոշոր սեփականություն, ֆինանսներ և դարձել են օլիգարխներ: Օլիգարխների կառավարություն է: Դրա համար էական բան չէ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված են, չեն կապված»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարության կազմում որևէ հեղափոխական փոփոխություն ի սկզբանե չէր սպասել: «Եղել են ընդամենը փոխատեղումներ», - նոր նշանակումների մասին ասում է Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է հնարավոր տնտեսական փոփոխություններին՝ ապա նրա կարծիքով՝ երկրի տնտեսական զարգացման վրա կառավարության ազդեցությունն այդքան էլ մեծ չէ:

«Կառավարությունը, իհարկե, կարող է ինչ-որ սարսափելի միջոցներ ձեռնարկել, ինչ-որ սարսափելի սխալներ գործել, և դրա հետևանքը բացասական կլինի: Սակայն, եթե կառավարությունը խելագար չէ, ապա չեմ կարծում, որ անմիտ սխալներ կանի: Եվ այդ իմաստով տնտեսությունը կախված է ավելի շատ արտաքին գործոններից՝ ներդրումներ, միջազգային ճգնաժամ, երկարաժամկետ էժան վարկեր և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իսկանդարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG