Մատչելիության հղումներ

«Զերկալո»-ն այլևս ամեն օր լույս չի տեսնի


«Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլի, արխիվ
«Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլի, արխիվ

Ադրբեջանական թերթի խմբագիրը նման որոշում է կայացրել «դաժան ու անարդար իրականությունից դրդված»:

Ադրբեջանում հրատարակվող ռուսալեզու «Զերկալո» թերթը դադարեցնում է իր ամենօրյա լույսընծայումը: Այս մասին ընթերցողներին ուղղված նամակում տեղեկացրել է թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիխլին:

Շիխլին նշում է, որ նման որոշում կայացրել է ստիպված՝ ելնելով մի շարք հանգամանքներից, դաժան ու անարդար իրականությունից դրդված, որին էլ գումարվել է թերթի թղթակցի աղմկոտ ձերբակալությունը:

Այս նամակի հրապարակումից առաջ Էլչին Շիխլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտնել էր, որ արդեն տասն օր է՝ դատախազության աշխատակիցները վերցրել են իր համակարգիչը, ինչպես նաև խմբագրության փաստաթղթերի մի մասը, և չեն վերադարձնում: Խմբագրի խոսքով՝ դատախազության ներկայացուցիչները երկարատև հարցաքննության են ենթարկել բոլոր աշխատակիցներին Ռաուֆ Միրկադիրովի գործով՝ իրենց հետ տանելով նրան վերաբերող բոլոր փաստաթղթերն ու համակարգչում պահվող խմբագրի անձնական փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ Անկարայում «Զերկալո»-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են պետական դավաճանության մեջ: Շուրջ տասն օր առաջ ձերբակալված լրագրողը, Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցելու մեջ:

Ադրբեջանում խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին երեկ ահազանգել է նաև Freedom House-ը: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում Ադրբեջանը հետընթաց է գրանցել, ցուցանիշները կրկին բացասական են: «Խոսքը նախևառաջ անկախ կարծիքների լռեցման մասին է, այդ թվում՝ այն ձայների, որոնք հնչում են համացանցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է զեկույցի ստեղծումը համակարգող փորձագիտական խմբի ղեկավար Կարին Կարլիկարը:

Ադրբեջանում լրագրողները կվերանան, վերլուծելով այդ երկրում լրագրողների գործունեության պայմանները՝ գրում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, մատնանշելով նաև ուսանողների ընդունելության գծով պետկոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ եթե անցած տարի լրագրողի մասնագիտությունն են ընտրել 3 հազար հոգի, ապա այս տարի՝ ընդամենը 370-ը:

«Ադրբեջանում լրագրության հանդեպ ոչ մի հարգանք չի դրսևորվում, և յուրաքանչյուր լրագրողի կյանք էլ ամեն պահի վտանգված է», - շեշտում է ադրբեջանական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG