Մատչելիության հղումներ

Բաքուն կարող է ԵԱՀԿ-ից պահանջել համանախագահությունից ետ կանչել Ուորլիքին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը զրուցում է հայ լրագրողների հետ, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը զրուցում է հայ լրագրողների հետ, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի շուրջ Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնական Բաքուն չի բացառում, որ կարող է ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել համանախագահությունից ետ կանչել Ջեյմս Ուորլիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ադրբեջանական APA լրատվական գործակալությանն այսօր հարցազրույց է տվել, որն ամբողջովին նվիրված է եղել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդհանուր առմամբ իր դժգոհությունն է հայտնել ամերիկացի դիվանագետի վերաբերյալ՝ մեղադրելով նրան քաղաքական կանխակալության, ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրելու և հակաադրբեջանական գործունեության մեջ։
«Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի Ամերիկայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Անգամ հպանցիկ աչքի անցկացնելով սոցցանցերում Ուորլիքի գրառումները՝ ակնհայտ է դառնում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ամերիկայի հայ համայնքի հետ, և ոչ թե ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների։ Միևնույն ժամանակ Ուորլիքը հաճույքով կիսվում է միայն հայկական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով՝ լռելով, սակայն, ադրբեջանցի լրագրողների հետ իր շփումների մասին»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը՝ պնդելով, թե ամերիկացի համանախագահի որոշ հայտարարություններ սադրիչ բնույթ են կրում։

Անցյալ տարվա օգոստոսին Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ նշանակված դիվանագետ Ուորլիքը միանգամից աչքի ընկավ թվիթերյան իր ակտիվ գրառումներով, որոնցում նա անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումներին, անգամ Ղարաբաղի բնությանն ու ադրբեջանական խոհանոցին։

Ուորլիքի գրառումներից և առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից մշտապես դժգոհող պաշտոնական Բաքուն այսօր արդեն իր անվստահությունն է հայտնում ամերիկացի համանախագահին և խոսում նրա հետ աշխատելուց հրաժարվելու մասին։

«ԶԼՄ-ների համաձայն՝ ամերիկացի համանախագահը պատրաստվում է այսօր Կալիֆորնիայում ելույթ ունենալ հայկական սփյուռքի կողմից կազմակերպված «Առաջընթացը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը» խորագրով միջոցառմանը» Նման միջոցառմանը մասնակցելն արդեն ինքնին անթույլատրելի է միջնորդի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ թերևս մոռանալով Ուորլիքի այն գրառման մասին, որում տեղեկացրել է նաև առաջիկա օրերին Հյուսթոնում բնակվող ադրբեջանական սփյուռքի հետ հանդիպման մասին։

«Թվիթեր»-ում իր ակտիվությամբ Ուորլիքին չզիջող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նույնպես անդրադարձել է ամերիկացի համանախագահի գործունեությանը։

«Դատելով ամերիկացի համանախագահի գրառումներից, տպավորություն է ստեղծվում, որ նա ուզում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել հենց «Թվիթեր»-ում»,- նույն սոցցանցում գրել է Նովրուզ Մամեդովը։
XS
SM
MD
LG