Մատչելիության հղումներ

Չձևակերպված աշխատողը զրկվում է բոլոր իրավունքներից


Տարբեր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն, հայաստանյան աշխատաշուկայում գործատու - աշխատող հարաբերությունների 50 տոկոսից ավելին պատշաճ ձևակերպված չեն և ստվերում են:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանի խոսքով՝ չձևակերպված աշխատողը զրկվում է իր բոլոր իրավունքներից․ - «Իր վրա չեն տարածվում ոչ մի աշխատանքային իրավունքներ, գործատուն չի կրում ոչ մի պարտականություն իր կողմից աշխատողի պայմանների, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ, առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու [ուղղությամբ]»:

Նրա փոխանցմամբ՝ շատերն այսօր օրական 12-14 ժամ են աշխատում՝ առանց վճարովի արձակուրդի և հավելավճարի:

Խառատյանը լրջագույն խնդիր է համարում նաև գրանցված աշխատողների ցածր աշխատավարձը․ - «Գոյություն ունի գնաճ, բայց այդ գնաճը որևիցե ձևով կապված չէ աշխատանքի վարձատրության հետ: Մեր օրենսդրությամբ նման մեխանիզմ գոյություն չունի»:

Նա փաստեց, որ զարգացած երկրներում աշխատողներն իրենց իրավունքների համար պայքարում են արհմիությունների միջոցով:

Մինչդեռ Երևանում «Ազատության» անցկացրած հարցումը ցույց տվեց, որ շատերն անգամ չգիտեն արհմիությունների գոյության մասին:

«Արհմիությունները հեղափոխություններ են անում, պրեզիդենտ են փոխում, տնօրեն են փոխում: Իսկ մեզ մոտ չկա նման բան», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Այսօր մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպած ակցիայով Փաստաբանների պալատը փորձում էր իրազեկել աշխատողներին իրենց իրավունքների մասին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ հենց չիմացությունն է պատճառը, որ աշխատողների իրավունքները հաճախ ոտնահարվում են:

«Եթե աշխատողը իր իրավունքները փորձեց պաշտպանել, ապա մեխանիզմները կան և գործում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG