Մատչելիության հղումներ

Երկաթուղայիններն ասում են՝ Վիկտոր Ռեբեցը ստում է


«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար Վիկտոր Ռեբեցի այցը Գյումրի հստակություն չմտցրեց, ընդհակառակը՝ դեպոյի մեքենավարների ու օգնականների դժգոհությունն առաջ բերեց, քանի որ վերջինս հայտարարեց, որ մարտ ամսին մեքենավարները ստացել են 280 հազար դրամ աշխատավարձ:

Երկաթուղայիններն այսօր իրենց աշխատավարձերի թերթիկներով, որով վճարվում են, եկել էին ասուլիսի ապացուցելու, որ իրենք նշված գումարից առնվազն 100-120 հազար դրամ պակաս են ստանում:

«Իրենց թղթաբանությամբ բարձր են ցույց տալիս աշխատավարձերը, պարոն Ռեբեցը ստում է, որովհետև մենք փաստացի էդքան փող չենք ստացել»։

Երկաթուղայինների ձեռքին երկու փաստաթուղթ կար. մեկն իրենց աշխատավարձերի թերթիկներն էին, մյուսը այն տեղեկանքը, որը ներկայացվում է հաշվապահությունից տրանսպորտի նախարարություն ու երկաթուղու ղեկավարությանը: Այս երկու փաստաթղթերում թվերի մեծ անհամապատասխանություն կար:

Այսինքն նախարարությունն ու երկաթուղու ղեկավարությանը ներկայացվում են ավելի բարձր թվեր, իրականում աշխատավարձերի թերթիկներում ավելի պակաս է այն:

Երկաթուղայիններն ասացին, որ իրենք այս փաստաթղթերն նաև պատրաստվում են իրավապահ մարմիններին ներկայացնել։

«Ուզում էին մի երկու օր առաջ ապացուցել, որ մենք սուտ ենք խոսում։ Էս 150 մեքենավարը սուտ է խոսում։ Մենք փաստացի նման գումարներ չենք ստացել, դրա համար պարզաբանում ենք ուզում։ Բոլորի կտրոնները կարող ենք համեմատել»,- ասում էր մեքենավարներից մեկը։

«Հարավկովկասյան երկաթուղուց» ասել էին, որ աշխատավարձերի բարձրացում հնարավոր է, եթե կադրերի կրճատումներ լինեն: Այս տարբերակին երկաթուղայինները կտրուկ դեմ են:

«Մենք պարտադրում ենք, որ մեր բրիգադի մեջ կրճատումներ չլինեն, մենք կաշխատենք 100 ժամ, թող մեզ վարձատրեն էդ 100 ժամի դիմաց՝ մեր քրտինքին համապատասխան։ Դա է մեր պահանջը։ Կաշխատենք 150 ժամ, թող դրան համապատասխան վճարեն, կրճատումներ բացառվում են»։

Երկաթուղայինները ևս տասը օր կսպասեն: Եթե դրական պատասխան չստացան, ապա կդիմեն անժամկետ գործադուլի։
XS
SM
MD
LG