Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը՝ «մեգանախարարության ղեկավար»


Պետեկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության միավորումը վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին, որով Պետեկամուտների կոմիտեն միավորվեց Ֆինանսների նախարարությանը:

Հրամանագրում նաև նշվում է, որ մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավար է դառնում ֆինանսների նախարարը: Ուշագրավ է, որ մինչ այս փոփոխությունները, ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը Ֆինանսների նախարար նշանակեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ այդ կերպ նրան հանձնելով թե հարկային, թե մաքսային մարմինների, և թե Ֆինանսների նախարարության վերահսկողությունը:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ֆինանսների նախարարությունը և Պետեկամուտների կոմիտեն իրենց գործառույթներով միմյանց հակակշռող մարմիններ էին, և դա շատ լավ էր, քանի որ հակակշիռների մեխանիզմներ էին ստեղծվում բյուջեի կազմավորման և իրականացման հարցում: Իսկ այժմ մեգանախարարության ղեկավար Գագիկ Խաչատրյանը անելու է այն, ինչ կցանկանա, կարծում է մեկնաբանը։

«Ֆինանսների նախարարությունը կազմում է բյուջեն, ու դա հանձնարարական է Պետեկամուտների կոմիտեի համար, թե որքան պիտի հավաքեն որտեղից, ասենք, Ֆինանսների նախարարությունը բյուջեում նշում է՝ էս ոլորտից էսքան եմ ակնկալում, էս ոլորտում էսքան արտադրություն կա, ակնկալում եմ էսքան հարկ...ու դա մի տեսակ հանձնարարական է ՊԵԿ-ի համար, ՊԵԿ-ը չի որոշում՝ կհավաքի, թե չի հավաքի, ունի հանձնարարականը և հավաքում է։ Հիմա ինքն իրեն հանձնարարելու է, ինքն իրեն հավաքելու է, ու այստեղ վերահսկողությունից դուրս է, թե ՊԵԿ-ը որտեղից է հավաքելու, ինչպես է հավաքելու, ումից չի հավաքելու»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Հայկ Գևորգյանը կարևոր է համարում նաև մեգանախարար Գագիկ Խաչատրյանի անձը, ում վերահսկողության տակ է դրվել երկրի ողջ ֆինանսական ոլորտը։

«Մենք բոլորս գիտենք, ու դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա իր հարազատների միջոցով ակտիվորեն ներգրավված է բիզնեսում, մոտ երկու տասնյակ շատ խոշոր ընկերություններ նրա և նրա հարազատների սեփականությունն է։ Ինքը՝ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենահարուստը, և այդ մարդու վերահսկողության տակ դնել երկրի ֆինանսական ամբողջ ռեսուրս, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ դրանից շատ տխուր հետևանքներ են լինելու»,- ասաց Գևորգյանը։

Գագիկ Խաչատրյանը ծնունդով Շիրակի մարզի Ամասիա գյուղից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Հարկային մարմիններում սկսել է աշխատել 1996 թվականից՝ նախ զբաղեցնելով Հրազդանի պետական հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը, 2001- 2008-ին եղել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: 2008-ին արդեն նա լուրջ առաջխաղացում է ունեցել՝ դառնալով հարկային և մաքսային մարմինների միավորման արդյունքում ստեղծված Պետեկամուտների կոմիտեի նախագահ:

Այս պաշտոնը ստանձնելուց հետո մամուլը հաճախ էր անդրադառնում Գագիկ Խաչատրյանի ունեցվածքին և բիզնեսներին: Հենց մամուլի հրապարակումներից մեկն էլ առիթ հանդիսացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քննության առնի հարցը, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը պաշտոն զբաղեցնելու ընթացքում բիզնեսով չի զբաղվել:

Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի դիմումի հիման վրա հանձնաժողովն անցած տարի ուսումնասիրեց «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը , համաձայն որի Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը։ Նրա անվան հետ են կապվում նաև սննդամթերքի ներկրմամբ զբաղվող ««Ապեյրոն» և « Մեգաֆուդ» ընկերությունները, «Մեգա մոթորս»-ը, որը «Միցուբիշի»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, «Սանտա ֆե» սրճարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Յուքոմ» ընկերությունը, որը զբաղվում է արբանյակային հեռարձակմամբ, ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ ծառայություններով և այլն:

Ուսումնասիրություններ կատարելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզել էր, որ Խաչատրյանը շահերի բախման մեջ չի եղել, իսկ նշված «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերություններն էլ պատկանում են ոչ թե ՊԵԿ-ի նախագահին, այլ նրա զավակներին:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց՝ մեգանախարարության ստեղծումը, Ֆինանսների նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանի նշանակումը, ինչպես նաև մյուս նշանակումները ցույց են տալիս, որ երկրի կառավարման համակարգը բացահայտորեն հանձնվում է օլիգարխներին: Այսինքն փորձ է արվում ոչ, թե ազատվել օլիգարխիկ համակարգից և այլ ուղղակի արդյունավետ օգտագործել այն՝ որոշակի պատասխանատվություն դնելով նաև նրանց վրա։

«Գագիկ Խաչատրյանը առաջ՝ որպես ՊԵԿ-ի նախագահ, բյուջեի եկամտային մասի հարցերով էր զբաղվում, հիմա նաև ծախսային մասով, գնումներով և շատ այլ գործառույթներով, որոնցով ֆինանսների նախարարությունն է զբաղվում։ Տեսականորեն տեղի է ունենում կենտրոնացում, հայաստանյան պայմաններում դա կնշանակի հերթական քայլ դեպի ֆինանսական միջոցների գերկենտրոնացում»,- ասաց Հոկտանյանը։

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանի համոզմամբ՝ մեկ անձի, այս դեպքում Գագիկ Խաչատրյանի վերահսկողության տակ դնելով երկրի ողջ ֆինանսական ռեսուրսը, Սերժ Սարգսյանն իրականում էլ ավելի է մեծացնում իր հսկողությունը ստվերային միջոցների նկատմամբ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը ունի երկու բյուջե, մեկը ստվերային, մյուսը՝ լեգալը, որ մենք ուսումնասիրում ենք։ Էդ ստվերային բյուջեի նկատմամբ վերահսկողությունը ավելի դժվար է իրականացնել, քան այն լեգալ բյուջեինը։ Այս ամեն ինչը միացնելով իրար, ստեղծելով այս մեգակառույցը՝ Սերժ Սարգսյանը հեշտությամբ կարող է վերահսկել և այն, և այն»,- ասաց Հայկ Գևորգյանը։

Պատասխանելով հարցին, թե այս նշանակումը կարո՞ղ է քաղաքական հետևանքներ ունենալ, Գևորգյանը ասաց.- «Ուղղակի կսնանկացվեն նրանք, ովքեր իրենց համար ձեռնտու անձինք չեն։ Կսնանկացվեն շատ մեղմ, հանդարտ, առանց աղմուկի, իբր թե իրենք մրցակցությանը չդիմացան և այլն»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG