Մատչելիության հղումներ

Freedom House. «Մամուլը Հայաստանում ազատ չէ»


Աշխարհում մամուլի ազատության քարտեզը ըստ Freedom House-ի զեկույցի

Աշխարհում մամուլի ազատության քարտեզը ըստ Freedom House-ի զեկույցի

Ըստ զեկույցի՝ հարավկովկասյան երեք պետությունների շարքում Հայաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում:

Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է: Սա են վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած տարեկան զեկույցի տվյալները:

Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցների ազատության ցուցանիշով Հայաստանը այսօր նույն մակարդակի վրա է, ինչ Էկվադորը, Զամբիան, Լիբիան, Թուրքիան և Հարավային Սուդանը: Freedom House-ի փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ մամուլ ունեցող պետությունների թվում:

Զեկույցի ստեղծումը համակարգող փորձագիտական խմբի ղեկավար Կարին Կարլիկարի խոսքով՝ հարավկովկասյան երեք պետությունների շարքում Հայաստանը միջանկյալ դիրք է զբաղեցնում:

«Ադրբեջանի ցուցանիշները շատ բացասական են: Կարող եմ նաև ասել, որ այդ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Խոսքը նախևառաջ անկախ կարծիքների լռեցման մասին է, այդ թվում՝ այն ձայների, որոնք հնչում են համացանցում: Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ ավելի բարվոք է», - նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Ադրբեջանում առկա գլխավոր խնդիրներին անդրադառնալով՝ զեկույցի հեղինակները նկատում են․ - «Իրավիճակը բռնաճնշումներով լի այն միջավայրում, որում գործում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցած տարի գնալով է՛լ ավելի էր վատթարանում: Տեղեկություններ կային կառավարության կողմից լրագրողների և բլոգերների անձնական նամակագրության մոնիթորինգի և հեռախոսազրույցների գաղտնալսմասն մասին: Լուրեր կային նաև, որ պետությունը միջամտել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի արբանյակային հեռարձակումներին»:

Կարին Կարլիկարի խոսքով՝ հարավկովկասյան պետությունների թվում առավել բարվոք վիճակում է Վրաստանը, որը տարածաշրջանի երկրներից միակն է, որ դասվել է մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների խմբում:

«Վրաստանում մենք որոշակի բարելավումների ականատեսն ենք դարձել: Անցած տարի օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք կաբելային ցանցերի օպերատորներից և հեռարձակողներից պահանջում են ապահովել եթերի բազմազանությունը: Նկատելի էր նաև, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել էին: Դա հատկապես էական է, եթե հաշվի առնենք, որ անցած տարին Վրաստանում ընտրությունների տարի էր», - նշում է Կարլիկարը:

Հայաստանին սահմանակից պետությունների շարքում, սակայն, ամենակտրուկ անկումն արձանագրել է Թուրքիան` մասամբ ազատ մամուլ ունեցող պետությունների խմբից տեղափոխվելով ոչ ազատ լրատվական միջավայր ունեցող երկրների շարքը:

Թուրքական լրատվական դաշտում առկա գլխավոր խնդիրները, ըստ զեկույցի հեղինակների, լրագրողների դեմ կիրառվող բռնություններն են և լրատվամիջոցների սեփականատերերի միջամտությունը խմբագրական քաղաքականությանը: Այս առումով, ըստ Freedom House-ի փորձագետների, դիտարկվող ժամանակաշրջանում Թուրքիայում, Ուկրաինայում և Վենեսուելայում լրատվամիջոցները նույնատիպ խնդիրների են բախվել:

Freedom House-ի տվյալներով՝ Ռուսաստանում ևս լրատվական միջավայրը անցած մեկ տարում բախվում էր լուրջ խնդիրների: Այստեղ տեղի ունեցած առանցքային իրադարձություններից մեկը, զեկույցի հեղինակների համոզմամբ, «երկրի հնագույն լրատվական գործակալություններից մեկի` ”РИА-Новости”-ի փակումն էր և դրա փոխարեն շատ ավելի բացահայտորեն Կրեմլին ենթարկվող մեկ այլ կազմակերպության ստեղծումը»:

«Ռուսաստանում գործող հեռարձակող լրատվամիջոցների, ինչպես նաև մասնավոր ձեռքերում գտնվող տպագիր մամուլի մեծ մասը վերահսկվում են պետության կողմից: Համացանցը մնացել է այն եզակի տեղերից մեկը, որտեղ դեռ հնարավոր է ազատորեն տեսակետ հայտնել: Այդ իսկ պատճառով, կան նաև առցանց լրատվամիջոցների բովանդակության նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու փորձեր: Մասնավորաբար, անցած տարի Ռուսաստանում մի օրենք ընդունվեց, որը հնարավորություն է տալիս քրեական հետապնդում իրականացնել ինտերնետային հրապարակումների համար», - նշում է Կարին Կարլիկարը:

Ինչ վերաբերում է զեկույցի ստեղծման մեթոդաբանությանը, ապա, ինչպես և ամեն տարի, այս անգամ էլ Freedom House-ի իրավապաշտպանները մամուլի վիճակը գնահատում էին յուրաքանչյուր պետությանը հատուկ միավորներ շնորհելով: Որքան բարձր են երկրի արձանագրած միավորները, այնքան մամուլի ազատության վիճակը այդ պետությունում խնդրահարույց է: Այս առումով 2012-ին Հայաստանին 65 միավոր էր շնորհվել: Անցած տարի Հայաստանը զգալի բարելավում արձանագրեց` ստանալով 61 միավոր: 2014-ի զեկույցում, սակայն, կրկին հետընթաց է արձանագրվում, այս անգամ՝ մեկ միավորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG