Մատչելիության հղումներ

logo-print

Քառյակը փորձելու է առաջարկել հրաժարվել պարտադիրից


Գործատուն կարող է չհաշվարկել, քաղաքացին՝ չվճարել պարտադիր կուտակային վճարները․ Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարեցին իշխանության ներկայացուցիչները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ):

«Այս օրենքի նախագծով, որպես առաջին քայլ նախատեսվում է, որ կուտակային վճարները չկատարելու համար անձինք պատասխանատվության չեն ենթարկվի, և այս օրենքի ընդունումից հետո չկատարելը իրավական հետևանքներ չի առաջացնի», - ասաց նախարար Ասատրյանը:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Հակոբ Հակոբյանին․ - «Պետք է շատ հստակ մեր քաղաքացիներին և գործատուներին ասենք, որ՝ հարգելի աշխատողներ, հարգելի գործատուներ, դուք որևէ ձևով պարտադրված չեն կատարելու կուտակային վճարներ և գումարները փոխանցել, քանի դեռ նոր օրենսդրական փաթեթ ընդունված չէ: Սա շատ հստակ է»:

«Մենք ուղիղ դա էլ ասում ենք, ու ես էլ դա ասացի», - պատասխանեց Հակոբյանը՝ շարունակելով․ - «Ասացի, որ օրենքով նախատեսված գործողությունը չկատարելու համար չեք պատժվելու»:

Ինչո՞ւ օրենքից չի հանվում պարտադիր վճարումը: Արտեմ Ասատրյանն ասաց, թե համակարգի 127 հազար մասնակիցներին՝ իրենց շուրջ 3 մլրդ դրամի կուտակային վճարներով չպետք է անտեսել․ - «Պետք է մենք դիտարկենք ոչ միայն մեր այն քաղաքացիների տեսակետն ու մոտեցումները, ովքեր ներկայումս խնդիր են տեսնում պարտադիր կուտակային համակարգին մասնակցության հետ կապված, այլ նաև նրանց, ովքեր որ այդ համակարգին մասնակցում են»:

Ընդդիմադիրները թերահավատ էին, թե այս պահին պարտադիր կուտակային համակարգի 127 հազար մասնակիցները կամավոր են միացել դրան:

Լևոն Զուրաբյանի (ՀԱԿ) խոսքով՝ տեղի է ունեցել պարզ բռնագանձում․ - «Եթե դուք հետագայում որոշեք ինչ-որ օրենք մտցնել, որը դա հետին թվով կօրինակացնի, դա նշանակում է պարզապես կատարված գողության օրինականացման ակտ»:

Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) զգուշացրեց՝ թերի առաջարկներով հասարակական դժգոհությունը չի մեղմվելու․ - «Արդյո՞ք այս փոքրիկ, նեղ նախաձեռնությունը փարատելու է այս բոլոր խնդիրները, լուծելու այս դժգոհությունները մինչև սեպտեմբերի 30-ը, թե՞ մենք շարունակելու ենք»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ Ազգային ժողովում իր օգնականից այսօր գանձել են պարտադիր վճար․ - «Ես սկսում եմ մտածել, որ դուք մեզ ստում եք, խաբում եք, մեծացնում եք պրոբլեմը, խորացնում եք, որպեսզի երկու ամիս հետո գաք ասեք՝ լսեք, բա այսքան պայմանագիր է ստորագրված, «ԱՑ կվադրատ»-ը արդեն փողերը տարել է, «Ագբա»-ն տարել է, բա ի՞նչ պիտի անենք»:

Հակոբ Հակոբյանն անկեղծացավ՝ մեզնից շատ բան սպասեք․ - «Այս օրենքի նախագծով ասում ենք հետևյալը՝ մենք ուղղակի մի քիչ ժամկետը երկարացնում ենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել: Որովհետև մեր շահառուների հետ ունենք խնդիր: Ունենք համապատասխան ֆինանսական հատկացված ռեսուրսներ՝ ըստ պայմանագրի: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների հետ ունենք համապատասխան պայմանագրեր, ունենք հատկացված գումարներ և այլն, և այլն: Եվ ունենք Միջազգային արժութային հիմնադրամ»:

Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) արձագանքը չուշացավ․ - «Նախարարին ինչքան հարցրին, տենց էլ ինքը չխոստովանեց: Կամոյի դերում էր այսօր Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը: Բայց պարոն Հակոբյանը, ինչպես ասում են՝ չդիմացավ առերեսմանը»:

Փաշինյանի կարծիքով, կառավարություն - ժողովուրդ բանավեճը տեղափոխվում է գործատու - աշխատող դաշտ:

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Հովիկ Աբրահամյանի քաղաքական տաղանդից․ - «Այստեղ է, որ քաղաքական տաղանդը Հովիկ Աբրահամյանի արտահայտվում է: Թե չէ շատերը չեն հասկանում՝ էս ո՞նց եղավ, էս մարդը էսքան երկարակյաց․․․ ով գնում, տապալվում, ձախողվում, սկում, խեղդվում, ինքը կա միշտ․․․ Այ, որ հինգշաբթի օրը գնաք, կառավարությանը բողոքեք, ինքը կասի՝ ախպեր ջան, գրել ենք, օրենք ենք ընդունել, որ իրանք կարան չփոխանցեն: Թող չփոխանցեն, ես ի՞նչ անեմ»:

Մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը նախատեսում է կուտակային կենսաթոշակների հարցն ամբողջական փաթեթով լուծել: Վարչապետն արդեն քաղաքական ուժերին հրավիրել է մասնակցելու այդ քննարկումներին:

Առաջին քայլ որակված այս նախագիծն էլ, սակայն, խորհրդարանում ամբողջությամբ չքննարկվեց: Ընդհատված հարցի համար իշխանությունը նախատեսում է արտահերթ նիստ հրավիրել մայիսի 12-ին:

Արծվիկ Մինասյանը կոչ է անում բոլոր գործատուներին չկատարել փոխանցումները, քանի որ չեն ենթարկվելու պատասխանատվության, իսկ փոխանցելով՝ աշխատողի աչքից են ընկնելու:

Մինասյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ոչ իշխանական քառյակը փորձելու է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկել հրաժարվել պարտադիրից: Չհաջողելու դեպքում կգնան արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով:
XS
SM
MD
LG