Մատչելիության հղումներ

logo-print

Վալոդ, օֆշոր, շնորհավորանքներ. Թեժ հարցուպատասխան խորհրդարանում


Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ էր վարչապետի կարգավիճակով մասնակցում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին: Նա ակնհայտորեն բարձր տրամադրություն ուներ, կատակում էր, վստահեցնում էր, թե բոլոր լրագրողներին հարգում է:

Հանրապետական խմբակցությունից նիստերի դահլիճ գնալու ճանապարհին Աբրահամյանին կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նախագծի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք:

«Ազատություն».- Ինչո՞ւ հստակություն չի մտնում կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծում։ Մարդիկ հիմա չգիտեն՝ այդ պահումներն արվելո՞ւ են, թե՝ ոչ։

Աբրահամյան.- Մենք հստակությունը գործով ենք մտցնելու, ոչ թե խոսքերով։ Դրա համար հիմա զբաղվում ենք, ժամանակ ենք խնդրել, նաև քաղաքական ուժերին ենք ներկայացրել, որպեսզի իրենք ներկայացուցիչներ ներկայացնեն, աշխատենք, փորձենք հստակ պատասխան տալ մեր քաղաքացիներին։ Հստակություն մտցնելու համար հարկավոր է ճիշտ որոշում կայացնել։ Դրա համար մենք հիմա այդ նախագծի վրա ենք աշխատում։

«Ազատություն».- Մինչև որոշումը ինչո՞վ կողմնորոշվեն մարդիկ։

Աբրահամյան.- Կողմնորոշվել պետք չէ, հարկավոր է ուղղակի ուշադիր կարդալ այն յոթ ուղղությունները, որը ես նշել եմ։

Շնորհավորանքները, Վալոդն ու օֆշորը

Իսկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը սկսվեց շնորհավորանքներով: Նորընտիր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց նորանշանակ կառավարությանն ու վարչապետին:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց տալուց առաջ հակադարձեց Սահակյանին՝ ասելով, որ ինքը չի շնորհավորում:

Աբրահամյանն արձագանքեց ժպիտով, իսկ Գալուստ Սահակյանը հորդորեց պահպանել հայկական ավանդույթները. - «Հյուրերին ջերմ են ընդունում»,- ասաց նա։

Փաշինյանին հակադարձեց արդեն արդարադատության նախկին նախարար (այդ պահին դեռ պաշտոնակատար) Հրայր Թովմասյանը և մի անեկդոտ պատմեց. - «Ասում են՝ տապանաքարին գրված է՝ «Հիշատակ բոլորից, բացի Վալոդից»»։

«Պարոն Թովմասյան, ես հույս ունեմ, որ ձեր կառավարությունում դեռ Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն։ Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Ձեր փոխարեն հենց հատկապես Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար», - պատասխանեց Փաշինյանը։

Անեկդոտներից ու շնորհավորանքներից բացի այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացվեց նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերագրվող օֆշորային սկանդալի հարցը: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը օֆշորային սկանդալի վերաբերյալ, արդյոք այն բացահայտվելո՞ւ է նոր կառավարության կողմից:

«Ես համաձայն չեմ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ ձեր ձևակերպումներին։ Տիգրան Սարգսյանը ունեցել է թերություններ, բայց սկանդալների կամ այլ ձևակերպումների հետ համաձայն չեմ։ Ես որևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կառույցի գնահատական չեմ լսել, որ դա ապացուցվել է, հիմնավորվել է։ Եթե հիմնավորված լինի, ես շատ բացասական եմ վերաբերվում նման արարքների, բայց որևէ նման իրավական հիմնավորում չի եղել։ Ուստի ես կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ տարածվում են»,- արձագանքեց Աբրահամյանը։

«Իմ դիրքորոշումը սա է, որ իրոք վարչապետը, կառավարության անդամը պետք է աշխատի շատ թափանցիկ և նման երևույթներից պետք է հեռու մնա։ Դա լինելու է իմ սկզբունքը։ Ես ուզում եմ նաև իմ գործընկերներին տեղեկացնել, որ մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք։ Առաջիկայում ներկայացնելու ենք կառավարության ծրագիր, և լինելու է իրատեսական ծրագիր, գրելու ենք քիչ և անելու ենք շատ։ Ես դեմ եմ շատ գրել, քիչ անելուն։ Իսկ եթե քիչ կգրենք, շատ կանենք, իմ կարծիքով՝ մենք կստանանք ձեր գովեստի, մեր հանրության շնորհակալական խոսքերը»,- ասաց նորանշանակ վարչապետը։

Աբրահամյանը շեշտեց, թե պատրաստ են աշխատել խորհրդարանական բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսի հետ, թեև ՀԱԿ-ը հայտարարել է, որ ցանկություն չունի աշխատել կառավարության հետ:

«Այս ամբիոնը պետք է լինի ոչ թե բռունցքների, այլ գաղափարների, մտքերի կռվի ամբիոն։ Ես կառավարության անդամներին հրահանգ եմ տվել, որ շատ հարգալից լինեն բոլոր պատգամավորների նկատմամբ, և ակնկալում եմ նաև պատգամավորների կոռեկտ և հարգալից վերաբերմունքը կառավարության նկատմամբ»,- ասաց վարչապետը։

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ չշրջանցվեց նաև կուտակային կենսաթոշակայինի հարցը: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե խնդիրը դեռ պետք է քննարկեն: Այժմ ակնկալում է խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը կառավարության աշխատանքային խմբերի աշխատանքին:

«Պարտադիր բաղադրիչը դո՞ւրս է գալու, թե՝ ոչ»,- հարցրեց Բաբայանը։

«Դուք ուզում եք, որ ես ուղիղ պատասխանեմ, բայց չեմ կարող պատասխանել։ Ես ասել եմ՝ դե ֆակտո, այո... դա, իմ կարծիքով, բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,- ասաց Աբրահամյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG