Մատչելիության հղումներ

logo-print

Ձյունը չմաքրելու պատճառով քաղաքացու բանկային հաշիվը սառեցվել է


Գրասենյակի դիմացի ձյունը չմաքրելու համար Երևանի քաղաքապետարանը նախ 20 հազար դրամով տուգանել, ապա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) միջոցով սառեցրել է գործարար Տիգրան Սարգսյանի անձնական բանկային հաշիվը։

Այս պատմությունը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերին, երբ քաղաքապետարանի աշխատակիցը արձանագրություն է կազմել, որ Սարգսյանին պատկանող գրասենյակի դիմաց ձյունը չի մաքրվել։ Արձանագրության հիման վրա քաղաքային իշխանությունները որոշել են գործարարին 20 հազար դրամով տուգանել։ Ծրագրավորող Սարգսյանը, մինչդեռ, ոչ միայն հրաժարվել է տուգանքը մուծել, այլև դիմել է դատարան՝ պնդելով, որ այս որոշումը գործիք է քաղաքապետարանի ձեռքում կամայական որոշումներ կայացնելու ու մարդկանց տուգանելու համար։

«Ներքևի տարածքում, որտեղ հիմա ջուր է թափված, իրենք կարող են գալ, նկարել ու ասել՝ ինչո՞ւ չոր չէ։ Էդ նկարի հիման վրա արձանագրություն կազմեն, հետո որոշում կայացնեն, ինքնագլուխ հաշիվներս սառեցնեն՝ առանց դատարանի որոշմանը սպասելու»,- ասաց Սարգսյանը։

Վարչական դատարանը գործը կսկսի քննել մայիսի 30-ից։ Մինչ այդ, սակայն, քաղաքապետարանը արդեն դիմել ԴԱՀԿ՝ Սարգսյանի բանկային հաշիվը սառեցնելու համար։ Սարգսյանի փաստաբանը պնդում է, որ անօրինական է եղել նաև այս որոշումը, քանի որ տուգանքից հետո երկու ամսվա ընթացքում գործարարը իրավունք ուներ որոշումը բողոքարկել։ Մինչդեռ քաղաքապետարանը մինչև այդ ժամկետի ավարտն ու դատական քննության մեկնարկը բանկային հաշիվը սառեցնելու դիմում է ներկայացրել ԴԱՀԿ-ին։

«Ընդամենը 20 հազար դրամի համար բանկային հաշիվը սառեցնելու մեջ ես ընդամենը մի նպատակ եմ տեսնում, որպեսզի քաղաքացին ստիպված տանի և վճարի տուգանքը, իսկ դատական գործն էլ փաստորեն արդեն քննության առնվել չի կարող»,- ասաց փաստաբան Սյուզաննա Խչեյանը։

Խչեյանը պնդում է, թե աշխատանքի ընթացքում ինքը այսպիսի բազմաթիվ գործեր է ունենում, երբ քաղաքացին բողոքարկում է որոշումը դատարանում, մինչդեռ քաղաքապետարանի դիմումով բանկային հաշվի վրա կալանք է դրվում, արդյունքում քաղաքացիները ստիպված վճարում են 20 հազար դրամը՝ քաշքշուկից խուսափելու համար, դատական գործն էլ կարճվում է։

«Սա ես համարում եմ ռեկետ»,- ասում է փաստաբան։

20-ից ավելի աշխատակիցների ունեցող ընկերության տնօրենի համար նաև անհասկանալի է՝ ինչու է քաղաքապետարանը արգելանք դնում ոչ թե ընկերության, այլ իր անձնական հաշվի վրա։ Մեկ այլ պատմություն է նաև տուգանելու որոշման համար հիմք հանդիսացած արձանագրությունը և լուսանկարը։ Սարգսյանը ասաց, որ լուսանկարը այդպես էլ չի տեսել, իսկ արձանագրությունում գրված է, որ իբր ինքը այն տեսել է և հրաժարվել է ստորագրել։

Ձյունը չմաքրելու համար սեփական բանկային հաշվից զրկված ու դատական քաշքշուկների մեջ ընկած գործարարը հիշում է ամիսներ առաջ Երևանում կուտակված ձյունն ու քաղաքապետարանի արդարացում-հաղորդագրությունները, թե տեղումները սպասվածից ավելի առատ են եղել։ Սարգսյանը հարցնում է՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին պատասխան պահանջել քաղաքային իշխանություններից՝ չմաքրված ճանապարհների ու մայթերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG