Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում կասկածի տակ են դնում ԱԺ նախագահի ընտրության արդյունքները


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կասկածի տակ են առնում Ազգային ժողովի նախագահի ընտրության արդյունքները։

Ըստ այդ արդյունքների, երեքշաբթի տեղի ունեցած քվեարկությանը մասնակցած 106 պատգամավորներից 101-ը քվեարկել է Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանի օգտին, իսկ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը ստացել է 3 ձայն։ Այս 3-ից մեկը հենց Բագրատյանի քվեն է, մյուս երկուսը՝ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նրանք հայտարարեցին երեկվա քվեարկությունից անմիջապես հետո։

Եթե հաշվի առնենք, որ Հանրապետականն ունի 70 պատգամավոր, իսկ Դաշնակցությունը, «Ժառանգությունն» ու Կոնգրեսը բոյկոտել են քվեարկությունը, պաշտոնական արդյունքներից ստացվում է, որ Գալուստ Սահակյանի օգտին տրված մյուս երեսուն ձայները գոյացել են մեծությամբ երկրորդ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» հաշվին։ Այս փաստը մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում և մամուլում։

Այսօր ԲՀԿ-ի պատգամավորները հայտարարում են, որ չեն վստահում ընտրության արդյունքներին, որ խմբակցությունից առնվազն 7-10 պատգամավոր հայտնել է Հրանտ Բագրատյանին ձայն տալու մասին։

«Քվեատուփը բացել են և քվեաթերթիկները մշակել ու հաշվել են յոթ հոգի Հանրապետական խմբակցության պատգամավորներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և եզրակացություններով»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Այսինքն կեղծե՞լ են Բարգավաճի ձայները» հարցին, Ուրիխանյանը պատասխանեց.- «Կեղծել են, թե չեն կեղծել, հարցը պիտի ուղղեք իրենց, ես ունեմ խորը կասկածներ, անվստահություն և թերահավատություն այդ հաշվարկի նկատմամբ»։

ԲՀԿ խոսնակը ընդգծեց, որ անձամբ ինքը ձայն չի տվել Գալուստ Սահակյանին.- «Ես իմ էությամբ, համոզմունքով, և նույնիսկ եթե մթագնած գիտակցության պարագայում էլ փորձեի, ապա ֆիզիկապես չէր ստացվի քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ձայն է տվել Հրանտ Բագրատյանին։ Քվեարկությունը փակ-գաղտնի էր, բայց հաշվի առնելով քվեարկությանը հաջորդած «տարբեր շահարկումները», հարկ է համարում բարձրաձայնել այդ մասին։

«Թաքցնելու կամ այլ խնդիր չկա, իհարկե, քվեարկությունը գաղտնի է, բայց արդեն իսկ ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ այս մասին այսօր ասել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չի լուսանկարե՞լ քվեաթերթիկը, պատգամավորը նշեց.- «Ճիշտն ասած, իմ մտքով չի անցել, որ ես ինչ-որ մեկին ապացուցելու բաներ եմ վաղն ունենալու, որպեսզի այն նկարեմ։ Ես իմ քվեարկությունն եմ կատարել, ընդամենը այսքանը, և ես որեւէ մեկին ապացուցելու, համոզելու խնդիր չունեմ»։

Հրանտ Բագրատյանը ԲՀԿ-ականներին չհավատալու հիմքեր չի տեսնում։ Ընդդիմադիր պատգամավորը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, գուցե այսպիսով փորձ է արվել «կռիվ գցել ընդդիմության շարքերում»։

«Այո, մի քանի հոգի հայտարարել են, նաև մոտեցել են ինձ են ասել, ես հիմքեր չունեմ մարդկանց չհավատալու, նրանք առիթ չունեն ստելու»,- նշեց Բագրատյանը։

«Այսինքն Դո՞ւք էլ եք կասկածի տակ դնում արդյունքները», հարցին պատգամավորը հակադարձեց.- «Դե փաստորեն այդպես է ստացվում»։

«Հնարավոր են տարբեր բաներ, վստահաբար չեմ կարող ասել, բայց ենթադրություններից մեկը, օրինակ, որ կռիվ գցեն։ Իրենք արդեն չեն բավարարվում միայն մարդ անցկացնելով, այլ նաև կռիվ գցեն ընդդիմության շարքերում»,- ասաց Բագրատյանը։

Մինչդեռ հաշվիչ հանձնաժողովը բացառում է կեղծիքների հավանականությունը։

«Թող ընդդիմությունը չբոյկոտեր և մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի այսօր նման շահարկումներ չլինեին»,- «Ազատությանն» ասաց հանձնաժողովի հանրապետական նախագահ Սուքիաս Ավետիսյանը.- «Հիմա եթե չեն ուզում մասնակցեն, ինչո՞ւ են սկսում էստեղ-էնտեղ անտեղի բաներ խոսել։ Պնդելը քիչ է, շատ բան են պնդում. թող մարդ գար, մասնակցեր։ Հերքում եմ այդ հայտարարությունները, որովհետև հանձնաժողովը հաշվել է այն, ինչ եղել է քվեատուփում»։

Հրանտ Բագրատյանը հակադարձում է, որ առաջարկել է թույլ տալ իր օգնականին մասնակցել հաշվարկին, բայց մերժել են ու ասելով՝ «եթե շատ ես ուզում, կարող ես ինքդ գալ»։ Թեկնածուի համար նման պատասխանը վիրավորական է եղել։

Թեև քվեարկության արդյունքները բողոքարկելու և քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացակարգ, ըստ Սուքիաս Ավետիսյանի, չկա, բայց կասկածներ ունեցողները կարող են դիմել Ազգային ժողովի նախագահին։

«Եթե թույլ տա, թող ծրարը բացեն, նայեն։ Բայց նման կարգ ես երբևիցե չեմ հանդիպել»,- ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահը։

Ծրարը բացելու հարցով դիմելու որոշում ԲՀԿ-ն չունի։

ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանի համար ԲՀԿ-ականների այսօրվա պնդումները մանիպուլյացիաներ են։ Ոչ իշխանական խմբակցության ձայներն իր օգտին նա այսպես բացատրեց. - «ԲՀԿ-ի պատգամավորների հետ ոչ միայն աշխատանքային կապերով եմ մոտ, այլևս ընկերական։

Ոչ իշխանական քառյակի գործընկերները առայժմ դիրքորոշում չեն հայտնում ԲՀԿ-ի քվեարկության վերաբերյալ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG